2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես «բնապահպաններ» արգելափակել են Արցախից բնականոն և ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, իսկ օդային կապը վաղուց արգելափակված է ադրբեջանական ռեժիմի կողմից: Դրա հետևանքով Արցախի բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից (համաձայն ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ հոդվածի), Արցախը կանգնած է պարենային և հումանիտար ճգնաժամի վտանգի առաջ:
Արցախի իշխանությունները ստիպված հատուկ ռեժիմ են սահմանել էներգակիրների օգտագործման և առողջապահական համակարգերում: Արդեն իսկ կան ծանր դեպքեր, երբ հիվանդների հետագա բուժումը պետք է շարունակել կամ Երևանում, կամ արտերկրում, որը սակայն շրջափակման պայմաններում անհնարին է: Վերջացել կամ սպառվելու վրա են առաջին անհրաժեշտության ապրանքները և շատ դեղամիջոցներ: Արցախի 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունեն:
Ադրբեջանի այս վարքագիծը հերթական անգամ վկայում է պաշտոնական Բաքվի՝ Արցախի էթնիկ զտումների ենթարկելու քաղաքականության շարունակականության մասին:
Միջազգային պարտավորությունների, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով ստանձնած հանձնառությունների անշեղորեն կատարումը, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, հրադադարի ռեժիմի խստորեն պահպանումը, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի իրականացումը առանցքային են տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ համակեցության համար:
Մենք՝ հայաստանաբնակ հարյուրհազարավոր արցախցիների ներկայացուցիչներս, դիմում ենք ՄԱԿ-ին և պահանջում ենք խտրականություն չդնել ազգերի, ժողովուրդների, պետությունների ու պետականությունների միջև և միջազգային մեխանիզմների գործարկմամբ ապաշրջափակել ինքնորոշման իրավունք ունեցող Արցախի Հանրապետությունը:
Հայաստանաբնակ արցախցիների ներկայացուցիչներ
20.12.2022թ.
Ք. Երևան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը