20 12 2022

Երկու պաշտոններում Տիգրան Ավինյանի միաժամանակյա պաշտոնավարման բացահայտումը խառնել է խաղաքարտերը. «Փաստինֆո»

Երկու պաշտոններում Տիգրան Ավինյանի միաժամանակյա պաշտոնավարման բացահայտումը խառնել է խաղաքարտերը. «Փաստինֆո»

Կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում՝ ԱՆԻՖ-ում, խառը վիճակ է. Ավինյանի` երկու պաշտոններում միաժամանակյա պաշտոնավարման բացահայտման հետեւանքների վերացման ամբողջ պատասխանատվությունը, կարծես թե, թողնվել է հենց ԱՆԻՖ-ի վրա: Դատելով կառավարության գործողություններից` բոլոր հիմքներն ունենք ենթադրելու, որ ԱՆԻՖ-ում Ավինյանի զբաղեցրած պաշտոնի անձնագրով նրա միժամանակյա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում, իրապես, խնդրահարույց է:

Այսպես` ինչպես արդեն նշել էինք` Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ քաղաքապետի տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության ներքո գործող ընկերություն է, որի գործունեությունը միտված է խոշորագույն ներդրողների և գործընկերների հետ համատեղ լայնածավալ նախագծերի իրականացմանը։ Ֆոնդը ստեղծվել է 2019թ՝ կառավարության որոշմամբ, իսկ Տիգրան Ավինյանը հանդիսանում է նշված ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, ինչի մասին փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի պաշտոնական կայքէջը։ Ավելին՝ նա օժտված է ղեկավարման գործառույթներով, ինչի մասին եւս փաստում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի կայքէջը, որի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հենց տնօրենների խորհուրդն է ղեկավարում ԱՆԻՖ-ը։

Նոյեմբերի 28-ին այս մասին «Փաստինֆո»-ն հանդես էր եկել հրապարակմամբ`՝ «Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. նա միաժամանակ զբաղեցնում է երկու անհամատեղելի պաշտոն » վերտառությամբ, որտեղ արձանագարել էինք նրա պաշտոնների անհամատեղելիության հանգամանքը: Նշենք, որ հրապարակումից առաջ «Փաստինֆո»-ն փորձել էր բանավոր պարզաբանում ստանալ ԱՆԻՖ-ից, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամները ստանում են աշխատավարձ, սակայն բանավոր հարցմանն այդպես էլ պատասխան չէր տրվել, ըստ այդմ, նոյեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք ԱՆԻՖ-ին՝ պարզելու, թե ով է սահմանում ՓԲԸ-ի աշխատակիցների հաստիքացուցակն ու աշխատավարձերի դրույքաչափը, իրավական կամ նորմատիվ ինչ ակտով, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի և անդամների պաշտոնների համար աշխատավարձ սահմանված է, ինչ դրույքաչափ է սահմանված՝ տնօրենների խորհրդի նախագահի և անդամների համար, արդյո՞ք տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված անձանցից որևէ մեկը հրաժարվել է աշխատավարձից, արդյո՞ք տնօրենների խորհրդի նախագահի փոփոխություն նախատեսվում է առաջիկայում։ Միայն մեր հրապարակումից հետո ՝ նոյեմբերի 29-ին ԱՆԻՖ-ից շտապել են հայտարարել, թե Ավինյանն աշխատավարձ չի ստանում, ընդ որում՝ առանց մեր հարցմանը պատշաճ կարգով պատասխանում։ Իսկ նոյեմբերի 30-ին ԱՆԻՖ-ից արդեն պատասխան ստացանք, ըստ որի` աշխատակիցների հաստիքացուցակը սահմանվում է Ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ։

«Միևնույն ժամանակ հարկ ենք համարում նշել, որ Ընկերությունը չի սահմանում դրույքաչափեր թե՛ ընկերության աշխատակիցների և թե՛ տնօրենների խորհրդի անդամների համար։ Տեղեկացնում ենք նաև, որ Ընկերության տնօրենների խորհրդի վերջին նիստում խորհրդի նախագահի փոփոխության հարց չի քննարկվել»,- նշել էին ԱՆԻՖ-ից` խուսափելով պատասխանել մնացած հարցերին։ Նկատենք, որ ԱՆԻՖ-ի պատասխանից արդեն իսկ հետեւում է, որ Ավինյանը ստեղծագործական կա խորհրդատվական աշխատանքով չի զբաղվում, այլ Երեւանի փոխքաղաքապետը զբաղված է մեկ այլ ընկերության կառավարմամբ:

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել նաև ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ ուղղելով նույն հարցերը, ինչպես նաև՝ խնդրելով տրամադրել նաեւ ԱՆԻՖ-ի կանոնադրությունը, քանի որ հենց այս նախարարությունն էր ընդհուպ փոփոխություններ կատարել կանոնադրության մեջ։ Սակայն նախարարությունում, թերեւս հասկանալով հարցի լրջությունը, խուսափել են տրամադրել կանոնադրությունը ու պատասխանել այն հարցին, թե արդյոք տնօրենների խորհրդի անդամներից որեւէ մեկը հրաժարվել է աշխատավարձից: Այս նախարարությունից, մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ կառավարության 2019թ N 513-Ն որոշմամբ, ինչն առանց իրենց էլ գիտեինք ու ուղղորդել կանոնադրությունն ստանալու համար դիմել իրենց:

«ՀՀ կառավարության 2021թ մարտի 25-ի` «ՀՀ կառավարության 2019թ ապրիլի 18-ի N513-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 381-Ն որոշմամբ՝ ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող բոլոր 100 տոկոս բաժնետոմսերի կառավարման լիազորությունը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված լիազորությունները վերապահվել են ՀՀ վարչապետի աշխատակազմին»,- հայտնել են նախարարությունից՝ «գնդակը» վարչապետի աշխատակազմի դաշտ գլորելով։ Հետեւողական լինելով «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել նաև վարչապետի աշխատակազմին, որտեղից էլ հարցմանը չեն պատասխանել՝ այն վերահասցեագրելով ԱՆԻՖ-ին, որտեղից ավելի վաղ որևէ հոդաբաշխ պարզաբանում չէր ներկայացվել, իսկ կառավարության վերահասցեագրումից հետո պարզվեց որ իրենց 30 օր ժամանակ է անհրաժեշտ՝ պատասխան տրամադրելու համար: Մինչդեռ, օրենքով սահմանված է, որ 30-օրյա ժամկետն անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու համար ։ Այսինքն՝ ԱՆԻՖ-ը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի` պարզելու կանոնադրություն, հաստիքացուցակ ունեն, թե ոչ, որոնք են տնօրենների խորհրդի անդամների գործառույթների շրջանակը:

Տեղեկատվության տրամադրումից խուսափելը թույլ է տալիս եզրահանգման գալու, որ կառավարությունը և նրա ներքո գործող կառույցն իրապես թաքցնելու բան ունեն և տեղեկատվական բլոկադայի քողի ներքո փորձում են կոծկել կոռուպցիան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ