14 12 2022

«Հայաստան» խմբակցության համար հայտարարության ՔՊ-ական տարբերակն անընդունելի է

«Հայաստան» խմբակցության համար հայտարարության ՔՊ-ական տարբերակն անընդունելի է

Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարվող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականությունը, որն ինչպես 2020–ին, այնպես էլ հիմա, բերում է պատերազմ ու աղետ։ Այս մասին ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարությունում:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը, խախտելով իր իսկ ստանձնած պարտավորությունները և միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, դեկտեմբերի 12–ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ստեղծելով հումանիտար ու անվտանգային ճգնաժամ։ Դադարեցվել է նաև գազամատակարարումը։ Սա թշնամի երկրի կողմից ճնշում է Հայաստանի ու Արցախի վրա՝ նոր զիջումներ կորզելու և իր օրակարգը թելադրելու նպատակով։

ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու, Ադրբեջանի հանցավոր ու սադրիչ գործողություններին գնահատական տալու և Հայաստանի հանձնառությունը Արցախի Հանրապետության նկատմամբ ամրագրելու նպատակով (տե՛ս կից տեքստը https://www.facebook.com/hayastandashinq/posts/pfbid02qVmhnfBWBpAG88uxvsdSe8EzYZUA3ZpTEwRQrd4mTnQAx1xDucVGSHLU95Q89b1Hl

Իշխող «Քաղաքացիական խմբակցության» կողմից այսօր տապալվել է մեր նախաձեռնությունը՝ այն պատճառաբանությամբ, որ իրենք ունեն հայտարարության սեփական տարբերակը։ ԱԺ ղեկավարությունը ընդդիմադիրների կողմից ներկայացված հայտարարության նախագիծը ներառեց Աժ օրակարգ միայն իրենց կողմից ներկայացված նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո՝ խախտելով նախաձեռնություների ներկայացման ժամանակագրությունը:

Մեզ համար հայտարարության ՔՊ–ական տարբերակն անընդունելի է, և մենք մերժել ենք դրա քննարկումը, քանի որ այն հակասում է Հայաստանի ու Արցախի շահերին և հետագայում օգտագործվելու է մեր դեմ։

«Քաղաքացիական պայմանագրի» համար մերժելի է Արցախն Ադրբեջանի կազմում լինելը բացառելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ամրագրելու, Հայաստանի հանձնառությունը Արցախի նկատմամբ բարձրաձայնելու մեր մոտեցումները։

Իշխող ուժի հայտարարության ամբողջ իմաստն այն է, որ Հայաստանն Արցախի շուրջ ստեղծված աղետալի իրավիճակում, ըստ էության, անելիք չունի և թող Ռուսաստանի Դաշնությունը մտածի այդ մասին։

Դատելով ՔՊ–ականների փաստարկներից և իրենց հայտարարության հիմնավորումներից՝ իրենք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում ու Արցախի ժողովրդին համարում մեր թշնամի պետության բնակիչներ, որոնց ցեղասպանությունից փրկվելու համար առաջարկվում է լեզու գտնել Բաքվի վարչախմբի հետ։

Մենք դատապարտում ենք իշխող վարչախմբի կողմից վարվող զիջողական ու թշնամու օրակարգը սպասարկող քաղաքականությունը, որն ինչպես 2020–ին, այնպես էլ հիմա բերում է պատերազմ ու աղետ։

Մենք հույս ենք հայտնում, որ Հայաստան–Արցախ կյանքի ճանապարհը կբացվի, հումանիտար խնդիրները կկարգավորվեն։ Զորակցում ենք ռուս խաղաղապահներին ու կոչ անում նրանց կիրառել բոլոր միջոցները Լաչինի միջանցքն ապաշրջափակելու և նմանատիպ երևույթներն այսուհետ թույլ չտալու համար։

Համոզված ենք, որ ադրբեջանական սադրանքները շարունակական բնույթ են կրելու։ Դրանք կանխելու և անվտանգային նոր միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ են ներքաղաքական փոփոխություններ, իրական խաղաղություն ապահովելուն միտված արտաքին քաղաքականություն, հայ ժողովրդի միասնականություն գլխավոր հարցերում, նոր որակի պետական կառավարում, ազգային առաջնորդություն։

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

14.12.2022թ․»,- ասվում է հայտարարությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ