14 12 2022

Փաշինյանը պարտվեց նաև իր եվրոպական արտաքին քաղաքական ուղղությամբ. Բորելը «լվանում է» իր ձեռքերը Հայաստանից․ Zham.am

Փաշինյանը պարտվեց նաև իր եվրոպական արտաքին քաղաքական ուղղությամբ. Բորելը «լվանում է» իր ձեռքերը Հայաստանից․ Zham.am

Zham.am-ը գրում է․ ԵԽԽՎ իրավական հանձնաժողովը չի ընդունել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու Հայաստանի առաջարկը։ Իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը դեկտեմբերի 19-ին կավարտի իր գործունեությունը Հայաստանում:

Հիշեցնենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնվել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին հոկտեմբերի 20-ին։ Որոշումն ընդունվել է Պրահայում կայացած հանդիպմանը, որին բացի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելից, ներկա էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, սակայն Ադրբեջանը չհամաձայնեց իր տարածքում այս առաքելության աշխատանքին, և արդյունքում եվրոպացի դիտորդները հայտնվեցին միայն հայկական կողմում: Նրանք պարբերաբար մեկնում էին սահմանամերձ շրջաններ, հանդիպում տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ, սակայն հայկական կողմին այդպես էլ չհաջողվեց եվրոպացի դիտորդներից Ադրբեջանի դեմ կոշտ հայտարարություններ կորզել։ Եվ հիմա այդ առաքելությունն ավարտվում է, առանց որևէ նշանակալի արդյունքի: Իսկ մինչ այդ ինչ սպասումներ էին առաջացրել այդ առաքելությունից իշխանությունները:

Արդյունքում, Նիկոլ Փաշինյանը որևէ դրական մեսիջ ԵՄ-ից չստացավ, մինչդեռ նրա այդ քայլը նյարդայնացրեց Մոսկվային և Թեհրանին: Վերջիններս այն մտավախությունն ունեին, որ քաղաքացիական առաքելությունից հետո կարող էր արդեն լինել ռազմականը:

Այսինքն, Փաշինյանն այս քայլով միայն ավելացրեց Հայաստանի նկատմամբ բացասական տրամադրությունները, ոչ մի դրական արդյունք չստանալով: իսկ Ադրբեջանը, ճիշտ հակառակը, փաստացի հասավ իր նպատակին և Բորելը հայտարարեց, որ հետագա քայլերը պետք է համաձայնեցվեն «բոլոր կողմերի հետ»:

Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը վերջնականապես խճճվել է արտաքին քաղաքական ոլորտում և չգիտի թե ինչ քայլերի դիմի, որպեսզի Հայաստանը չընկալվի, որպես «միակողմանի կողմնորոշում ունեցող երկիր»:

Սակայն գործնականում, իր քայլերով նա ոչ մի նոր դաշնակից ձեռք չի բերում, սակայն անվստահություն է առաջացնում նախկին դաշնակիցների մոտ: Այդպես է լինում այն գործիչների հետ, ովքեր չունեն ոչ կայուն պատկերացումներ, ոչ էլ իրական գործողության ծրագրեր երկրի համար: Հանուն արդարության պետք է նշենք, որ Նիկոլ Փաշինյանի նման պահվածքը զարմանալի չէ, քանզի նախկին 20-25 տարիների ընթացքում հայաստանյան քաղաքական և գաղափարական դաշտը թունավորում էին անմեղսունակ և իրականությունից կտրված թեզերով, որին նախկին իշխանությունները կամ բանի տեղ չէին դնում, կամ էլ համարժեք չէին արձագանքում:

Արդյունքում չորս տարի առաջ Փաշինյանը սկսեց կյանքի կոչել այն, ինչ քարոզվում էր 20-25 տարի:

Հայ ժողովուրդն այսօր իր մաշկի վրա է զգում այդ գաղափարները և ոմանք, նույնիսկ իրենց երեխաների կյանքի գնով են վճարում դրա համար:

Բայց այստեղ ոչ մեկ մեղավոր չէ, քանզի այն ժողովուրդը, ով չի ունենում առողջ հանրային և քաղաքական վերնախավ հենց այդ ճակատագրին է արժանանում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ