Անցյալ շաբաթ «Վաշինգտոն փոստ» թերթը հրապարակեց լրագրողներ Քրեգ Ուիթլաքի և Նեյթ Ջոնսի ծավալուն հետաքննական հոդվածը՝ «Օդային ուժերը վախենում էին, որ գեներալների արտասահմանյան խորհրդատվական աշխատանքները սկանդալ կառաջացնեն» վերնագրով: Հոդվածը բացահայտել է Ադրբեջանի առաջարկը՝ վարձելու ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու պաշտոնաթող գեներալների։ «Վաշինգտոն փոստը» իրավական մեծ պայքար է մղել ԱՄՆ ռազմաօդային ուժերի դեմ՝ բացահայտելու այս սկանդալային գործարքի թաքնված մանրամասները:
2016-2021 թվականներին «Վաշինգտոն փոստը» Տեղեկատվության ազատության մասին օրենքի չորս հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարությանը՝ այս հարցով փաստաթղթերի ձեռքբերման համար: Սակայն ռազմաօդային ուժերը կամ չեն արձագանքել, կամ էլ պնդել են, որ չեն գտնում որևէ փաստաթուղթ։ Ի վերջո, «Վաշինգտոն փոստը» ստիպված էր հայց ներկայացնել դատարան, որի արդյունքում դատավորը հրամայեց ռազմաօդային ուժերին հրապարակել 400 էջ ներքին փաստաթղթերը, որոնք բացահայտում էին մանրամասներ Ադրբեջանի հետ այս երկու գեներալների նախկին ռազմական շփումներից «շահույթ ստանալու» փորձերի և «Պենտագոնի կողմից նման վարքագիծը վերահսկելու համար պայքարի» մասին, ըստ «Վաշինգտոն փոստի»։
«Վաշինգտոն փոստը» գրել է, որ «Աֆղանստանում պատերազմի ամենաթեժ շրջանում ԱՄՆ ռազմական ղեկավարները հավաքվել էին… Ադրբեջանում՝ ողջագուրվելու նախագահ Իլհամ Ալիևի հետ», որին Բաքվում ԱՄՆ դեսպանատունը համեմատում էր մաֆիայի ղեկավար «Կնքահոր» հետ»: Թերթը հավելել է. «Կոռուպցիան ծաղկեց Ալիևների օրոք, ԿՀՎ-ն այն բնութագրեց որպես «համատարած», իսկ Պետդեպարտամենտն այն անվանեց «համակարգային»:
Այնուամենայնիվ, Պենտագոնը համոզեց Ալիևին բացել իր օդային տարածքը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական մատակարարումների համար դեպի Աֆղանստան։ «Փոխարենը, ԱՄՆ պաշտոնյաները խոստացան ավելի սերտ դիվանագիտական համագործակցություն Ալիևի հետ և 369 միլիոն դոլարի պաշտպանական պայմանագրեր տրամադրեցին Silk Way ավիաուղիներին՝ ադրբեջանական բեռնափոխադրողին, որը, ըստ ամերիկացի քննիչների, վերահսկվում էր կառավարության կողմից»:
«ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու գեներալներ՝ Դանկըն ՄըքՆաբը և Ուիլյըմ Ֆրեյզըր III-ը, որոնք վերահսկում էին մատակարարման երթուղիները 2008-2014 թվականներին, թոշակի անցնելուց հետո, փորձել են շահույթ ստանալ ադրբեջանական կողմի հետ ունեցած իրենց կապերով», գրում է «Վաշինգտոն փոստը»: Միացյալ Նահանգների տրանսպորտային հրամանատարությունը («Տրանսկոմ») «ՄըքՆաբի պաշտոնավարման ընթացքում 2230 բեռնափոխադրումներ է պատվիրել Silk Way-ին, գումարած 1117 թռիչքներ Ֆրեյզըրի ղեկավարության ժամանակ՝ 369 միլիոն դոլար ընդհանուր արժեքով»: Չորս աստղ ունեցող գեներալները, ակտիվ ծառայությունից թոշակի անցնելուց հետո, արժեքավոր խորհրդատվական գործարքներ են կնքել Silk Way ավիաուղիների հետ:
ԱՄՆ զինված ուժերը սովորաբար հաստատում են նման աշխատատեղերը թոշակի անցնելուց հետո, սակայն մերժել են գեներալ ՄըքՆաբի թույլտվությունը, քանի որ լուրջ մտավախություններ ունեին, որ այն «պոտենցիալ խայտառակություն է և վտանգավոր կլինի ազգային անվտանգության համար… վախենալով, որ խորհրդատվական աշխատանքները սկանդալ կառաջացնեն»՝ ըստ Ռազմաօդային ուժերի ներքին փաստաթղթերի: Գեներալ ՄըքՆաբը մեծ ջանքեր է գործադրել՝ պայքարելու օդային ուժերի կողմից իր աշխատանքի մերժման դեմ: Համաձայն 2015 թվականի հուշագրի՝ գեներալ Ֆրեյզերը նախազգուշացրել է ԱՄՆ զինված ուժերին, որ «եթե ԱՄՆ կառավարությունը խանգարի նրան աշխատել Silk Way-ի համար, ԱՄՆին սպասվում է Ադրբեջանի «պատասխան հարվածը», և որ Ալիևի կառավարությունը կարող է որպես փոխվրեժ նույնիսկ արգելափակել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մատակարարման երթուղիները դեպի Աֆղանստան»։
Ռազմաօդային ուժերի քաղաքացիական իրավաբան Ֆիլիպ Դիվերն իր առարկության մեջ գրել է՝ քանի որ ԱՄՆ-ը Silk Way ավիաուղիներ ընկերությանը տրամադրել է 369 միլիոն դոլար, և քանի որ երկու գեներալները կառավարել են Ադրբեջանով մատակարարման երթուղիները, կարող էր թվալ, թե ՄըքՆաբն ու Ֆրեյզըրը գիտեին, «որ ծառայության առավելությունը՝ շահութաբեր խորհրդատվական պայմանագիրն է Silk Way-ից՝ թոշակի անցնելուց հետո»: ՄըքՆաբն ասել է, որ հինգ-վեց անգամ այցելել է Ադրբեջան:
ՄըքՆաբը «Վաշինգտոն փոստին» ասել է, որ «Մի անգամ նա Silk Way-ի ղեկավարին հրավիրել է ընթրիքի իր տանը՝ Իլինոյսի Սքոթ ռազմաօդային բազայում»։ 2011 թվականի դեկտեմբերին ռազմաօդային ուժերից թոշակի անցնելուց հետո, «նա ասաց, որ Silk Way ավիաուղիների պաշտոնյաները կապվել են նրա հետ հնարավոր բիզնես գործարքի համար»: Silk Way-ը ցանկացել է արդիականացնել իր օպերատիվ կառավարման կենտրոնը Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում։ Ընկերությունը 2013 թվականի հունիսին ՄըքՆաբին հրավիրել է վերադառնալ Ադրբեջան և առաջարկել է նրան վարձել որպես խորհրդական»։ Նույն ամսին նա «ստեղծել է Ares Mobility Solutions խորհրդատվական ընկերությունը՝ համագործակցելով օդային ուժերի պաշտոնաթող գնդապետի և նավատորմի ռեզերվի կապիտանի հետ, որն աշխատել էր ավիաընկերության ոլորտում: Փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ares-ը պայմանագիր է կնքել Silk Way-ի հետ, որն ամսական վճարել է 10 հազար դոլար գումարած ծախսերը: Գործարքի համաձայն՝ ՄըքՆաբը յուրաքանչյուր երեքից հինգ ամիսը մեկ պետք է մեկներ Բաքու՝ մի քանի օր աշխատելու համար»:
2011 թվականին «Տրանսկոմի» ռազմաօդային ուժերում իր պաշտոնը ստանձնելուց հետո գեներալ Ֆրեյզըրը մեկնել է Բաքու և հանդիպել նախագահ Ալիևի հետ. «Առաջիկա երեք տարիների ընթացքում Ֆրեյզըրը երկու անգամ հանդիպել է Ալիևին Ադրբեջանում և մեկ անգամ Նյու Յորքում, ըստ Ադրբեջանի կառավարության»:
2014 թվականի ապրիլին ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն այցելել է Իլինոյսում գտնվող Սքոթ ռազմաօդային բազա՝ շրջելու «Տրանսկոմի» կենտրոնակայանում: Նա Ֆրեյզըրին, որը շուտով թոշակի էր անցնելու, ասել է, որ «շատ հնարավորություններ կան ապագա ռազմական և առևտրային համագործակցության համար» Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև, ասվում է ԱՄՆ զինված ուժերի մամուլի հաղորդագրության մեջ:
Թոշակի անցնելուց հետո Ֆրեյզըրը աշխատանքի առաջարկ է ստացել Silk Way Group-ից։ Ֆրեյզըրը նախօրոք թույլտվություն է խնդրել օդային ուժերից՝ նշելով, որ «կլինի խորհրդական, որը տրամադրում է առարկայական մասնագիտություն» և «կօգնի զարգացնել ապագա բիզնես հնարավորությունները» օրական 5000 դոլար վարձատրությամբ: Սակայն ռազմաօդային ուժերը մերժել են նրա խնդրանքը։ Ֆրեյզըրը ներկայացրել է երկրորդ դիմումը, որը նույնպես մերժվել է: «Ֆրեյզըրն իր դիմումում չի նշել, որ իր որդին՝ Ուիլյամ Ֆրեյզըր IV-ը, նույնպես աշխատել է Ադրբեջանում ավիացիոն բիզնեսում», գրել է «Վաշինգտոն փոստը»։ Նրա որդին՝ «ԱՄՆ ծովային ուժերի նախկին սերժանտը երկու տարի առաջ աշխատանքի էր անցել որպես «Ադրբեջանական ավիաուղիներ» պետական ավիափոխադրողի նախագահի օգնական՝ որպես հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության մասնագետ»:
ԱՄՆ դաշնային օրենքը պահանջում է, որ զինվորական անձնակազմը, որը ծառայել է առնվազն 20 տարի, թույլտվություն ստանա նախքան որևէ արժեքավոր բան ընդունելը օտարերկրյա կառավարությունից կամ օտարերկրյա կառավարությունների կողմից վերահսկվող ընկերություններից: Երբ ռազմաօդային ուժերը պարզեցին, որ ՄըքՆաբը նախապես թույլտվություն չի խնդրել Ադրբեջանում իր աշխատանքի համար, նրա հետագա դիմումը մերժվեց: Նրան ասել են, որ խախտել է ԱՄՆ օրենքը։ «Օրենքը խախտելու համար քրեական պատիժ չկա, բայց զինված ուժերը կարող են պահել կենսաթոշակային վճարումները նրանցից, որոնք այդպես են վարվում: ՄըքՆաբը հաստատել է, որ պաշտպանության նախարարությունը նվազեցրել է իր կենսաթոշակը, սակայն հրաժարվել է ասել, թե որքան», գրել է «Վաշինգտոն փոստը»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը