Տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կարող է կայանալ առաջիկա ամիսներին: Այս մասին «ՏԱՍՍ»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։
«Ներկայումս մշակվում են 3+3 երկրորդ հանդիպման անցկացման կազմակերպչական հարցերը, հուսով ենք, որ այն տեղի կունենա մոտակա ամիսներին։ Դատելով բոլոր մասնակիցների տրամադրությունից՝ հրավեր կարող է ուղարկվել նաև Վրաստան», - ասել է դիվանագետը։
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է տարածաշրջանի տարանցիկ ներուժի բացումը, ինչին կնպաստի տրանսպորտային ուղիների վերականգնումը։
«Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ենթակառուցվածքների արդիականացման համատեղ նախագծային գործունեության հեռանկարները ոչ միայն տրանսպորտի, այլ նաև էներգետիկայի ոլորտում», - պարզաբանել է նա: Պաշտոնյան հավելել է. «Նման համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում վստահության ամրապնդմանը համապարփակ տարածաշրջանային կապերի հաստատման միջոցով և կդառնա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներին աջակցելու հենասյուներից մեկը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը