08 12 2022

Ալեն Սիմոնյանը հաստատեց Լավրովի ասածներն ու Փաշինյանի արածները․ 7or.am

Ալեն Սիմոնյանը հաստատեց Լավրովի ասածներն ու Փաշինյանի արածները․ 7or.am

7or.am-ը գրում է․

Իշխանական  համակարգից  վերջապես արձագանքեցին ՌԴ  արտգործնախարար Լավրովի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Լավրովը, անդրադառնալով Ղարաբաղյան խնդրին, երկու տարբեր առիթներով ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում համաձայնել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում տեսնել։ Լավրովն, ըստ այդմ, պատասխանել էր Փաշինյանի այն գեղցիական շուստրիությանը, թե բա կողմ եմ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը հետագային թողնելու ռուսական տարբերակին։

Լավրովն իր հայտարարությամբ ցույց տվեց, որ իրենք չեն կարող ու նաև չեն ուզում հայերից ավելի հայ լինել, և եթե Փաշինյանը արևմտյան հարթակում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս (այս մասին Աստանայում հայտարարեց նաև Ալիևը և հակադարձման չարժանացավ Նիկոլի կողմից), ապա առնվազն երեսպաշտություն է պահանջել, որպեսզի Մոսկվան համոզի Բաքվին՝ Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը թողնել հետոյին։

Մոսկվայի ցանկացած առաջարկ հանդիպում է Ալիևի այն պնդմանը, որ Նիկոլը հանձնել է Ղարաբաղը և ռուսները թող չխանգարեն իրենց։ Պատահական չէ, որ Ադրբեջանի խորհրդարանում արդեն տեսակետ է հնչում, որ Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը պետք է առանց միջնորդների հանդիպեն։ Ուզում են ասել, որ Նիկոլին արդեն սեփականաշնորհել են և թող ռուսներն իրենց չխանգարեն։ Ինչևէ։

Նիկոլենք մի քանի օր անարձագանք էին թողել Լավրովի հայտարարությունը, սակայն այսօր այդ լռության ուխտը խախտվեց։ Խախտողը Հայաստանի համար հույժ կարևոր առաքելությամբ Կատար մեկնած ու աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ալեն Սիմոնյանն էր։

Անդրադառնալով Պրահայում տեղի ունեցած քառակողմ՝ Փաշինյան, Մակրոն, Միշել, Ալիև, հանդիպման արդյունքում հնչած հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այդ հայտարարությամբ Արցախը որևէ պարագայում չի թողնվում գործընթացից դուրս և այնտեղ կա նախատեսված ձևաչափ, որտեղ Արցախը և Ադրբեջանը պետք է ունենան երկխոսություն։

Ալենի ասածը «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվանում է Արցախից և թող ղարաբաղցիները Բաքվի հետ երկխոսության միջոցով իրենց հարցերը լուծեն։ Սա Ալիևի ասածների մեջ է տեղավորվում։ Ալիևն էլ է ասում, որ ես ղարաբաղցիների հետ կխոսեմ Ադրբեջանի ներքին օրենսդրության շրջանակներում, քանզի ղարաբաղցիներին համարում եմ Ադրբեջանի քաղաքացիներ։

Ուշադրությու՛ն դարձրեք, Ալենը չի հերքում Լավրովի ասածները, որ Նիկոլը համաձայնել է Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում։ Ավելի ճիշտ՝ Ալենը հաստատում է Լավրովի ասածները և Նիկոլի արածները։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ