06 12 2022

Այլ պարագայում Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է.168.am

Այլ պարագայում Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է.168.am

168.am-ը գրում է.

«Դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 միլիարդի շեմը։ Նոյեմբերի սկզբի դրությամբ պարտքը կազմել է 10 մլրդ 63 մլն դոլար։

Այլ պարագայում, Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա պատմական ռեկորդ է։ Եվ իրականում պատմական ռեկորդ է կամ հակառեկորդ. երբևէ Հայաստանն այսքան պարտք չէր ունեցել։

Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, եկավ ու սկսեց պետական պարտքը մեծ տեմպերով ավելացնել։ Նախկինում ասում էր՝ պարտքը վատ բան է, հիմա ասում է՝ դրանով դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր ենք կառուցում։ Կարծես նախկինում դպրոցներ ու մանկապարտեզներ, ճանապարհներ ու շենքեր չէին կառուցում։

Նիկոլ Փաշինյանը նախկինում դեմ էր պարտք վերցնելուն, հիմա արդարացնում է։

Վերջերս էլ սկսել է ասել, թե մեր տնտեսության լավ վիճակից է, որ մեզ պարտք են տալիս։ Ինչքան ուզենք, կարող ենք պարտք վերցնել։ Թեև նախկինում էլ Հայաստանի համար պարտք վերցնելը խնդիր չի եղել, բայց պարտքի այսպիսի կուտակում թույլ չեն տվել, որովհետև պարտքը ծանրանում է պետական բյուջեի վրա։ Դա հետո պետք է վերադարձնել։ Տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են ուղղվում պարտքի մարման ու սպասարկման համար։

Պարտքերը բեռ են պետական բյուջեի վրա, առավել ևս այսօր, երբ դրանք միայն անվանական արժեքով չեն ավելանում։ Ավելի թանկ գին ենք վճարում՝ ներգրավվող միջոցների համար։ Թանկ գումարներ ենք վերցնում ու ավելացնում պարտքը։ Բայց դա էլ պատճառ չէ իշխանությունների համար, որպեսզի ավելի զուսպ լինեն պարտքի ավելացման հարցում։

Միայն այս տարվա ընթացքում պետական պարտքի գինը բարձրացել է 1,3 տոկոսային կետով։ Եթե տարվա սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,7 էր, հիմա դարձել է 6 տոկոս։

Սա պարտքի չափազանց կտրուկ թանկացում է, որը տեղի է ունեցել ընդամենը 10 ամսվա ընթացքում։

Վեց տոկոսանոց պարտքը, որը հիմա ծանրացած է Հայաստանի վրա, շատ թանկ պարտք է, գրեթե համարժեք առևտրային վարկերին։ Այսպիսի թանկ փողեր ով ուզենա, երբ ուզենա, կարող է վերցնել։ Խնդիրը միայն այն չէ, որ դրսի ու ներսի վարկատուները պատրաստ են պարտք տալ կառավարությանը, կարևոր է նաև, թե ի՞նչ գնով են տալիս և ի՞նչ գնով են վերցնում։

Այն, ինչ տեսնում ենք պարտքի թանկացման առումով, ամենևին էլ կառավարության օգտին չէ։ Դրսի վարկերը, որոնք նախկինում չնչին տոկոսներով էին, հիմա սկսել են կտրուկ թանկանալ։

Արտաքին վարկերի միջին կշռված տոկոսադրույքն այս տարի բարձրացել է 1,1 տոկոսային կետով։ Գրեթե կրկնապատկվել է. տարեսկզբին ընդամենը 1,5 տոկոս էր, հիմա դարձել է 2,6 տոկոս։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ էլ ավելի կբարձրանա։ Ֆինանսների նախարարի գնահատումներով՝ կհասնի ընդհուպ 2,9 տոկոսի։

Բայց դրանով էլ արտաքին պարտքի թանկացումը կանգ չի առնի։ Հաջորդ տարվա համար կանխատեսվում է, որ այն կկազմի 4,1 տոկոս՝ այս տարի սպասվող 2,9-ի փոխարեն։ Պատկերացնում եք, 2 տարում 1,5 տոկոսից արտաքին պարտքի գինը կհասնի 4,1 տոկոսի։ Ֆինանսների նախարարը սա բացատրում է նրանով, որ միջազգային շուկաներում ավելանում են տոկոսադրույքները։ Ու այդպիսի բարձր տոկոսադրույքներով մենք նոր վարկեր ենք վերցնում։ Վերցնում ենք ու ծանրաբեռնում պետական բյուջեն։ Պետական պարտքը թանկանում է նաև այն պատճառով, որ կառավարությունը որոշել է ավելի մեծ տեմպերով ավելացնել ներքին պարտքը։

Ներքին պարտքը, վերջին տվյալներով, հասել է 3 մլրդ 933 մլն դոլարի։ Տարվա սկզբին 2 մլրդ 577 մլն դոլար էր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ