02 12 2022

Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը

Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը

Zham.am-ը գրում է.

Այսպիսով քվեարկության արդյունքում «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության» կապակցությամբ հայտարարությունը ԱԺ-ի իշխող թիմը բոյկոտեց: Քվեարկության արդյունքում այն ստացավ 31 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայները: Այսինքն, իշխանությունն որոշեց, ընդհանրապես անտեսել ընդդիմության առաջարկը, սակայն այն նախապես չմերժվեց, այլ հիմնավորվեց, թե ինչու ինքը՝ իշխանությունը, չի կարող ընդունել այդ առաջարկը:

Եթե մի կողմ թողնենք այլ երկրորդական գործոնները, ապա կարող ենք արձանագրել հետևյալ դրույթը, իշխանությունը հայտարարում է, որ հրաժարվել է Արցախի ինքնորոշման իրավունքի թեզը պաշտպանելուց, քանզի այսօր Հայաստանը այդ ուժն ու լծակները չունի: Բացի այդ, իշխանությունը պնդում է, որ եթե ընդուներ ընդիմության կողմից ներկայացված ձևակերպումները, ապա դա կնշանակեր, որ ներկայիս Հայաստանը հրաժարվում է խաղաղ գործնթացից Ադրբեջանի հետ, նրան լեգիտիմ հիմք տալով նոր ռազմական գործողություններ սկսելու համար:

Բացի այդ, ըստ իշխանության, իրենց բնորոշմամբ «արմատական» ձևակերպումները կարող են չընկալվել նաև միջազգային հանրության կողմից, և դա կարող է լրացուցիչ հիմք տալ Ադրբեջանին ուժային գործոնն օգտագործելու համար:

Իշխանությունը նաև պնդում էր, թե ինքն է կրում երկրի հանդեպ պատասխանատվությունը և ուրեմն ինքը իրավունք ունի ձևակերպելու, թե որ ձևակերպումներն են վտանգավոր, իսկ որը՝ ոչ: Ավելին, ՔՊ-ական Մարիա Կարապետյանը ավելի հեռուն գնաց հայտարարելով, որ «Հայաստանին չի կարելի պատանդի կարգավիճակի մեջ դնել ղարաբաղյան հարցը քննարկելու ընթացքում»։ 

Եթե կարճ ձևակերպենք, ապա կստացվի, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքից, բայց դեմ է, որ այնտեղ իրականացվի հայերի նոր ցեղասպանությունը:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հորդորում է արցախցիներին ինքնուրույն գնալ երկխոսության Ադրբեջանի հետ, փաստացի դուրս բերելով այդ հարցը միջազգային բոլոր հարթակներից:

Գործնականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, փաստացի, հայտարարում է, որ ճիշտ է Ադրբեջանը, երբ հայտարարում է, որ այլևս այս հարցը Բաքուն չի քննարկելու միջազգային հարթակներում: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ծանր վիճակի մեջ է գցում նույն Մոսկվային և Փարիզին, որոնք փորձում են ադրբեջանցիների հետ սակարգել Արցախի հայերի համար որևէ կարգավիճակ: Ադրբեջանը արդարացիորեն բողոքում է նրանցից, ինչու՞ եք մեզ հետ քննարկում այս հարցը, երբ Փաշինյանն արդեն համաձայնվել է Պրահայում, որ դա Ադրբեջանի ներքին գործն է հանդիսանում:

Փաշինյանի նպատակը հասկանալի է, նա Թուրքիայի և որոշ արևմտյան շրջանակների հորդորների արդյունքում փորձում է զոհաբերել Արցախը, որպեսզի կարողանա Ադրբեջանի հետ վերականգնել հարաբերությունները, առանց Մոսկվայի, կամ Ֆրանսիայի միջնորդության: Բայց ի զարմանս Փաշինյանի, պարզվել է, որ իր այդ մեծ «նվերը» Ադրբեջանին, Իլհամ Ալիևը դավադրաբար չի գնահատել: Նա պարզել է, որ Ալիևը ցանկանում է գրավել ոչ միայն Արցախը, այլև Սյունիքը: Փաշինյանը թերևս առաջին անգամ հասկացել է, որ իր քսան տարվա պատկերացումները Ադրբեջանի՝ Արցախի հետ հարցերում սխալ են եղել:

Նրա գործնեության կործանարար հետևանքները դարձել են անվերադարձ բնույթի, որի պատճառով նա հայտնվել է ծանր վիճակում: Նրան կարող է փրկել միայն մեկ բան, որ Թուրքիան և վերը նշված արևմտյան շրջանակները, գոնե համոզեն Ալիևին, որ սահմանափակվի Ացախով և չհավակնի Սյունիքին: Սակայն, ավախ, քաղաքական անգրագիտությունը միջազգային հանրությունում չի գնահատվում: Հիշենք ընդամենը, թե ինչ ճակատագիր ունեցան Միխայիլ Գորբաչյովի խնդրանքները ուղղված նույն Արևմուտքին: Դրա հետևանքները մինչ այսօր Ռուսաստանի ներկայիս քաղաքական վերնախավը չի կարողանում չեզոքացնել, կամ գոնե դրա բացասական հետևանքները նվազեցնել:

Պետք է նշել, որ նույնն է լինելու հետփաշինյանական իշխանության համար, Փաշինյանի կողմից թողնված կործանարար հետևանքները, երբևիցե հնարավոր չի լինելու հետ պտտեցնել ամբողջությամբ:

Ահա, թե ինչու է այսօր Փաշինյանը վախենում «բարկացնել» Ալիևին: Իսկ նման պայմաններում, ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի հիմնավորումները իշխանությունը չի կարող ընկալել: Քանզի սրանց մուրացկանական բնույթի սպասումն Անկարայից էքզիստենցիալ բնույթ ունի:

Իր պահվածքի արդյունքում Փաշինյանը կորցրել է Մոսկվայի վստահությունը, բայց այդպես էլ չի ստացել Վաշինգտոնից լիարժեք երաշխիք, որ Ադրբեջանն Արցախից հետո չի հավակնի Սյունիքի վրա:

Ավելին, եթե Ադրբեջանը կլանի նաև Սյունիքը, ապա Հայաստանի մնացած մասերի հայաթափումը կդառնա բառից բուն իմաստով մեկ-երկու տարվա հարց: Քանզի առանց Սյունիքի Հայաստանը, որպես տարածք, այլևս ոչ մեկին պետք չի լինի: Այսպիսով Արևմուտքի երազանքը կյանքի կկոչվի, տարածաշրջանը կազատվի Ռուսաստանի և Իրանի ազդեցությունից, բայց նաև չի լինի Հայաստանը և հայերը այս տարածաշրջանում:

Սա է իրականությունը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ