24 11 2022

Անի համայնքում արտահերթ ընտրություններ կնշանակվեն․ News.am

Անի համայնքում արտահերթ ընտրություններ կնշանակվեն․ News.am

News.am-ը գրում է․ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում վաղը՝ նոյեմբերի 25–ին, 6–րդ անգամ քվորում չլինելու պատճառով չի կայանա նորընտիր ավագանու առաջին նիստը, ինչը նշանակում է, որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի ավագանու լիազորությունները եւ վարչապետը կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Անիում այսօր՝ նոյեմբերի 24–ին, 5–րդ անգամ տապալվել է համայնքապետի ընտրության օրակարգով նիստը եւ նշանակվել վաղը, բայց վաղն էլ տեղի չի ունենա այդ նիստը, որովհետեւ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հայկական երազանք» խմբակցությունները ինչպես նախորդ հինգ անգամները, այնպես էլ վաղը չեն ներկայանա նիստին։

Հիշեցնենք՝ «Հայկական երազանք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Ագուն Սաղաթելյանը մյուս երկու ուժերի առջեւ պայման էր դրել՝ կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր թեկնածությանը համայնքի ղեկավարի պաշտոնում։ Ուժերից ոչ մեկը, սակայն, չէր ընդունել Ագուն Սաղաթելյանի պայմանը եւ համաձայնության չէին եկել։

Անի համայնքում հետընտրական ճգնաժամ առաջացավ, որովհետեւ սեպտեմբերի 25–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում քաղաքական երեք ուժերից ոչ մեկին չէր հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, հետեւաբար միանձնյա իշխանություն ձեւավորել չստացվեց։ Քաղաքական ուժերը, սակայն, կոալիցիա ձեւավորելու հարցում էլ ընդհանուր հայտարարի չեկան։

Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 69–րդ հոդվածի 2 մասի համաձայն՝ Կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները, եթե «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ կամ 142.3-րդ հոդվածով սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավար չի ընտրվում:

Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ, իսկ ավագանին շարունակում է իր լիազորությունների իրականացումը մինչեւ նորընտիր ավագանու առաջին նիստը:

Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում:

Ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում վարչապետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչեւ օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը։

Իսկ մինչեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելը՝ Անի համայնքի ղեկավարի պարտականությունները կկատարի համայնքապետի տեղակալը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ