24 11 2022

Չստորագրված փաստաթղթերը ինչ-որ կերպ չեն վտանգում ՀԱՊԿ-ի գոյությունը․ Պեսկով

Չստորագրված փաստաթղթերը  ինչ-որ կերպ չեն վտանգում ՀԱՊԿ-ի գոյությունը․ Պեսկով

ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում Հայաստանին օգնության մասին հռչակագրի չընդունումը կասկածի տակ չի դնում այդ կազմակերպության գոյությունը, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ո՛չ»,- ասել է Պեսկովն ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ի ճակատագրի վրա ինչ-որ կերպ կազդի՞ Հայաստանին օգնություն տրամադրելու միջոցառումների մասին հռչակագրի նախագիծը չստորագրելու հանգամանքը։

«Որոշ կետերի շուրջ կան որոշակի տարաձայնություններ, որոնք, իրոք, երեկ թույլ չեն տվել ստորագրել երկու փաստաթուղթ, բայց դա չի նշանակում, որ դա ինչ-որ կերպ վտանգում է ՀԱՊԿ-ի գոյությունը»,- ընդգծել է նա։

Պեսկովի խոսքով՝ ընդհակառակը, ՀԱՊԿ գագաթնաժողովը և դրանում հնչեցված կողմերի դիրքորոշումները, ինչպես նաև ամբողջ անցած տարին ցույց են տվել մասնակից պետությունների համար նման կազմակերպության աճող անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Հայաստանը կմնա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Երեւանում կայացած գագաթաժողովը հաստատել էր իրադարձության կարեւորությունը։ Նա նաեւ ասել էր, որ ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում քննարկվել է Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ հակամարտությունը, կարգավորման ուղղությամբ աշխատանքը բարդ է, բայց այն կշարունակվի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ