16 11 2022

Այդ նույն տարածքներում հայկական 4 գյուղերի տարածքների մեծամասնությունն օկուպացված է․ Փաշինյան

Այդ նույն տարածքներում հայկական 4 գյուղերի  տարածքների մեծամասնությունն օկուպացված է․ Փաշինյան

Ադրբեջանն ունի այսպիսի դիրքորոշում, որ 2021 թվականից առաջ էլ կան տարածքներ, որոնք, այսպես ասած, օրինակ, Հայաստանն օկուպացրել է և իրենք կարծում են, որ Հայաստանն էլ պետք է դուրս գա այդ տարածքներից: Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք՝ շատ լավ, եկեք հասկանանք, որ եթե ինչ-որ տարածքներից Հայաստանը պետք է դուրս գա, ինչ սահմանով պետք է դուրս գա, այսինքն որտեղից որտեղ պետք է գնա: Եթե մենք հասկանանք, ճշգրտենք այդ սահմանը, դա կարող է Հայաստանի համար լինել շատ ընդունելի խոսակցություն: Եթե վերցնում ենք Խորհրդային Միության սահմանը, եւ եթե Ադրբեջանը ասում է, որ Հայաստանն, օրինակ, հյուսիս-արեւելքում օկուպացիայի տակ է պահում Ադրբեջանի որոշ տարածքներ, նշանակում է, որ ինչ-որ տարածքային բաժանում կա, սահման կա: Մենք ասում ենք՝ շատ լավ, ցույց տվեք գիծը, ցույց տվեք մեզ քարտեզը եւ դա կարող է լինել հետաքրքիր: Մենք դա չենք մերժում, որովհետեւ այդ նույն տարածքներում հայկական 4 գյուղերի  տարածքների մեծամասնությունն օկուպացված է: Օրինակ, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է: Պառավաքար գյուղի վարելահողերի մոտ 70 տոկոսն օկուպացված է: Օկուպացված է Այգեհովիտ, Վազաշեն գյուղերի վարելահողեր: 1991-ին է դա եղել 1992-1994 թվականներին:

Դրա համար մենք ասում են՝ ցույց տվեք, թե որտեղ է գիծը եւ ձեր ցույց տված սահմանի գիծն ինչ իրավական հիմնավորում ունի: Այդ դեպքում մենք պատրաստ ենք իրադրությունը զարգացնել մինչեւ ամբողջ սահմանի երկայնքով ոչ հայասատնյան, ոչ ադրբեջանական օկուպացված տարածքներ չլինեն: Մենք պատրաստ ենք գնալ այդ լուծումներին եւ ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ