12 11 2022

Հայ թուրքագետները ոչ թե թուրքատյաց են, այլ՝ ռեալիստ են, իսկ այդպես մտածողները՝ տգետ․ Թուրքագետ



 

«Այս գրքում ամփոփված թեզերի մի մեծ մասը՝ կապված Թուրքիայի, Ադրբեջանի  և դրանց հետ հարաբերություններ հաստատելու մեխանիզմներին, մեծապես խեղաթյուրված են ներկայացնում այդ երկրները, դրանց հասարակությունները, պետական մտածողությունը, Հայաստանի և հայերի հանդեպ ունեցած քաղաքականությունը և մարտավարությունը։ Այս թեզերով ապակողմնորոշում են մեր հասարակության որոշակի շերտի, հատկապես իշխանամետ շերտին, և սա ոչ այլ ինչ է, եթե ոչ հասարակությանը ռեալ վտանգի առջև զնաթափ անել»,- ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը՝ իր ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքի շնորհանդեսի ժամանակ։

«Ինչո՞ւ եք խաբում ժոովրդին՝ կեղծ խաղաղասիրական թեզեր տալածելով, ինչո՞ւ եք խաբում ժողովրդին՝ նրանց հմոզելով, թե թուրքերն ու ադրբեջանցիներն այդքան էլ վատը չեն և ուզում են խաղաղություն։ Եվ որքանո՞վ է բարոյական թալանել ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը և նրան անպաշտպան թողնել թշնամու առաջ, ով խոսում է Սևանը, Ջերմուկը, Երևանը գրավելու իր բացահայտ ցանկությունների մասին»,- հայտարարեց նա՝ դիմելով իշխանություններին և նրանց աջակից Ժիրայր Լիպարիտյանին։ (Ժիրայր Լիպարիտյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականն է եղել, թուրք-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների հաստատման ջերմ քարոզիչ, Փաշինյանի աջակից)։

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ ինքն ու գործընկերները պատասխանատու են իրենց համարում Թուրքիայի ու Ադրբեջանի և քարոզչական կեղծ թեզերի մասին ճշմարտությունները ներկայացնել լայն հասարակությանը։ 

«Ինձ համար բացարձակ անընդունելի է որոշ խուսափող գիտնականների մեջ տարածված այդ հայտնի ու կեղծ կարգախոսը, թե՝ «ես իմ գործն եմ անում, չեմ զբաղվում քաղքականությամբ և այս ամենը ինձ չի հետաքրքրում»։ Սա այս պայմաններում երիցս սխալ է, ուստի այս վիճակում գիտությունը և հատկապես արևելագիտությունը պետք է աշխատի էքստրեմալ ռեժիմով, բացահայտի, ներկայացնի թշնամի երկրներից եկող սպառնալիքները և տա դրանց կանխարգելելու առաջարկներ։

Նորմալ իրավիճակում ես էլ այս գրքի մասին մի գրախոսություն կգրեի մի ամսագրում, կկարդային մի 10 կամ 20 հոգի և դրանով իմ գործը կհամարեի արված։ Ես այս պայմաններում հատուկ եմ հրավիրել այս ձևաչափը, որ հանրային լայն շերտերին ներկայացնեմ, որ այս իշխանության և նրա «խաղաղության դարաշրջանի» գարաղափարախոսը՝ Լիպարիտյանը, շատ հարցերում սխալ է և շատ հարցերում ապակողմնորոշում է հասարակությանը, և սա գոյութենական վտանգ է»,- ասաց թուրքագետը։

Եզրափակելով խոսքը՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց․ «Որոշ շրջանակներ ասում են, թե հայ թուրքագետները ոչ թե թուրքագետ են, այլ թուրքատյաց են։ Այդ թեզերն առաջ տանողներն իրենց դիրքավորում են որպես «լայնախոհ և խորագիտակ էքսպերտներ»։ Ուզում եմ հեռակա պատասխանել նրանց, որ թուրքագետները ոչ թե թուրքատյաց են, այլ, ի տարբերություն ձեզ, ռեալիստ են, ավելի խորքային են պատկերացնում այդ թշնամական երկրները։ Իսկ դուք տառապում եք էքսպերտային քաղքենիությամբ, իսկ Թուրքիայի և ադրեջանի հետ կապված շատ հարցերում, կներեք, ուղղակի տգետ եք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ