Fip.am-ը գրում է.
«Կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել «գերակա ոլորտում գործունեություն իրականացնող» «ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» ընկերությանը։
Ըստ որոշման հիմնավորման՝ ««ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ներմուծել թվով 23 «դոմս» վրաններ՝ վրանատիպ կառուցվածքներ՝ բնության մեջ զբոսաշրջային նոր ուղղությունների զարգացման նպատակով։
Ընկերությունը, ըստ կառավարության, արդեն իսկ իրականացրել է 19 միլիոն դրամի ներդրում և նախատեսում է, ընդհանուր առմամբ, իրականացնել մոտ 80 միլիոն դրամի ներդրում։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի տարբեր մարզերում։
«ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին։
Ընկերության 50 տոկոս բաժնետերեր են Շուշաննա Կոստանյանը և Սաթենիկ Ղևոնդյանը։ Ընկերության տնօրենը Շուշաննա Կոստանյանի հայրն է՝ Գագիկ Կոստանյանը։
Շուշաննա Կոստանյանը նախորդ տարվա դեկտեմբերից փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականն է, իսկ 2020 թվականից աշխատում էր Մաթևոսյանի ղեկավարած Արմավիրի մարզպետարանում` որպես զարգացման, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի փորձագետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը