10 11 2022

Ո՞նց կարող է որևէ հայ կողմ լինի մեր բանակի կազմաքանդմանը. Դավիթ Գալստյան. News.am

Ո՞նց կարող է որևէ հայ կողմ լինի մեր բանակի կազմաքանդմանը. Դավիթ Գալստյան. News.am

NEWS.am-ը գրում է․ Դա Նիկոլի հերթական դավաճանական քայլն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի առաջարկով ինքը Սոչիում Ալիեւին առաջարկել է, որ Արցախի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծվի, որի դեպքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք ԼՂ-ն կարող է և չունենալ:

«Նիկոլ Փաշինյանը հենց նրա համար է եկել իշխանության, որ Արցախը հանձննի, բանակը կազմաքանդի եւ Հայաստանը թողնի անպաշտպան: Դա Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն է, որը կյանքի է կոչվում: Դա սկսվել է կյանքի կոչվել 2018-ից, ոչ թե Սոչիից»,-ասաց նա:

Հարցին, թե ինչո՞ւ են Արցախի իշխանությունները համաձայնում ապառազմականացված գոտի ստեղծելուն, Դավիթ Գալստյանը պատասխանեց. «Արցախի  իշխանություններից պետք է հարցնել, մենք Արցախի իշխանությունների վարած քաղաքականության հետ համաձայն չենք: Հիշում եք Արայիկ Հարությունյանի հայտնի թեզը, որ առանց ստորակետի համաձայն է, դե հիմա թող ինքը փորձի մեկնաբանել Նիկոլի այդ քայլերը:

Թե ԱԺ-ում, թե մեր հրապարակային խոսքում մենք պայքարելու ենք Նիկոլ Փաշինյանի եւ նմանատիպ երեւույթների դեմ: Մեր պայքարը շարունակական է, թույլ չենք տալու ոչ բանակի կազմաքանդում, ոչ էլ նման պրոյեկտների կյանքի կոչումը: Մենք մեր բոլոր կարողություններով դրա դեմ պայքարելու ենք, որը տեսանելի է լինելու բոլորին»:

Նա ընդգծեց, որ իրենք թույլ չեն տալու ապառազմականացված գոտի ստեղծել. «Ո՞նց կարող է որեւէ հայ կողմ լինի մեր բանակի կազմաքանդմանը: Մեր անվտանգության միակ  երաշխավորը մինչեւ 2020-ի նոյեմբերի 9-ը հանդիսանում էր մեր պաշտպանության բանակը: Դրանից հետո նաեւ ռուս խաղաղպահները: Եթե մենք հրաժարվենք այդ գործոններից որեւէ մեկից, մենք կթուլացնենք մեր անվտանգային համակարգը: Իսկ երկրի ղեկավարը մտածում է իր երկրի մասին, չպետք է գնա այդ քայլին»:

Դավիթ Գալստյանը նաեւ հավելեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ Արցախի անունից՝ նման առաջարկ է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին. «Ոչ մի նման քննարկում չի եղել: Նման տեղեկություն, խոսակցություն չի եղել: Ճիշտ կլինի, որ Արայիկ Հարությունյանը բացահայտի՝ նման առաջարկ Նիկոլ Փաշինյանին ուղղված եղե՞լ է, թե ոչ: Եթե եղել է, պետք է հասարակությանը բացատրել, թե ինչու են նման անհեթեթ առաջարկ արել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ