10 11 2022

Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն. Փաշինյան



Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 8-ին արած հայտարարություններին։

2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»: Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը՝ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում, զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի:

Այս պնդումը ինքնին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղ» անունը:

Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում: Զուգահեռաբար փորձ է անում կառուցողական երևալ Ադրբեջանի կողմից և նաև հայտարարվում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերը «իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ