Լրացավ 2 տարին այն դժնդակ օրվանից, ինչ, ոչ բարով՝ ՀՀ վարչապետ համարվող Նիկոլ Փաշինյանը, գործնականում միանձնյա, կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրեց՝ անելով այն սև գործը, որի համար էլ, ասում են, նրան բերել էին իշխանության: Եվ այսքանից հետո հավաստի են հնչում կարծիքները, որ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ղեկավար դարձնելու եղկելի ընթացքի մեջ մեծապես խառն են եղել հայության հիմնական ու մշտական թշնամիների՝ Թուրքիայի ու, ինչու ոչ՝ Ալիևի արյունոտ ձեռքերը:
Այո, 2 տարին լրացավ 2020-ի նոյեմբերի 9-ից, բայց Հայաստանի կապիտուլյացիան շարունակվում է: Եվ շարունակվում է, քանի որ Նիկոլ Փաշինյանի նման գլխակերը տակավին վարչապետի աթոռին է: Սա, մեծ հաշվով, օրհասի մղձավանջ է. արդեն 2 տարի է, ինչ Հայաստանում ամեն օր նոյեմբերի 9 է:
Երկու տարի, ամե՛ն օր՝ պարտություն:
Երկու տարի, ամե՛ն օր՝ կորուստ:
Երկու տարի, ամե՛ն օր՝ Հայաստանի նվաստացում:
Երկու տարի, ամե՛ն օր՝ հայատյաց սրիկաների խրախճանք:
Երկու տարի, ամե՛ն օր Հայոց բանակի զինվորների ու սպաների կորուստներ:
Երկու տարի, ամե՛ն օր նահանջ ու թշվառացում:
Երկու տարի, ամե՛ն օր պետության և ազգի կործանում, կործանարար ընթացք, որ տակավին կասեցված չէ:
Թեպետ, այս վերջինի կապակցությամբ պետք է որոշակի վերապահում անել, քանի որ կործանարար ընթացքի մեկնարկը տրվեց այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանի նման ստախոս, անպատասխանատու, արկածախնդիր, ծաղրանկարային և արյունարբու մեկը, ըստ էության՝ ընտանյոք ու ազգուտակոյք նստեց ՀՀ վարչապետի աթոռին, այսինքն՝ 2018 թվականի մայիսի 8-ից:
Ու ընդամենը երկու տարի անց՝ 2020-ի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը, մեծագույն հրճվանքով, անգամ, կարելի է ասել՝ թշնամի թուրքերից է՛լ ավելի ցնծագին, վերացրեց Մայիսի 8-ն էլ, Մայիսի 9-ն է՛լ, Մայիսի 28-ն է՛լ, Սեպտեմբերի 21-ն էլ: Գործնականում ոչնչացրեց բոլո՛ր ազգային տոները: Վերացրեց հաղթանակի խնդությունն ու արժանավայել կյանքը: Բազմատաիկ ընդարձակեց «Եռաբլուրը», կոտորածի մատնեց 2000-2002թթ. ծնված հազարավոր լուսավոր երիտասարդների ու շարունակում է իր դժոխային «գործը»: Իսկ ինքն ու իր զավակները, իր կինը, իր ազգուտակը, իր քպ-ոները ապրում են, ավելին՝ վայելում են կյանքը, ցնծում ու խնդում են, տժժում, երգում, պարում, ուրախանում, ծամոնաբերան հռհռում են զոհվածների շիրիմների մոտ, իրենց ստրուկ «ոստիկանների» միջոցով քացու տակ են գցում զոհվածների մայրերին, հարստահարում են Հայաստանը, ծաղրում հայ մարդկանց...
Ոմանք, հատակապես նիկոլական ճղճիմ քարոզչության տակ մնացածները, հիմարաբար կարծում են, թե՝ «դե լավ է, մեր փրկիչ Նիկոլը Ղարաբաղը տվեց, Ղարաբաղից պրծանք, հիմա մեր ախպեր թուրքերի հետ խաղաղ կապրենք, առուտուր կանենք...»:
Այդպես մտածող ու 2021-ին վերստին Նիկոլ Փաշինյանի գոյության համար քվեարկած հազարավոր ջերմուկցիներ, վարդենիսցիներ, գորիսեցիներ ու կապանցիներ ամեն օր իրենց մաշկի վրա են զգում իրենց կատարած ընտրության հետևանքները՝ իրենց տների պատերին հասած թշնամու գնդակոծությունների, հրետակոծությունների, գործած ավերների, իրենց կորուստների ու տեղահանությունների տեսքով...
Իրենք ստացա՛ն նիկոլական այն մահացու և արնաշաղախ ապագան, որի մասին, փաստորեն երազում էին: Եվ շարունակում են ստանալ: Շարունակելու է նոր կորուստներ, մահեր, սպանություններ, թշնամական ասպատակություններ ստանալ այն հանրույթը (մարդու ձեռքը չի գնում գրել՝ հասարակություն կամ ժողովուրդ), որը դեռ հանդուրժում է Նիկոլ Փաշինյանին, հանդուրժում է կապիտուլյացիայի, պարտության, ստի ու կեղծիքի, քինոտ մանրախնդրության դեռևս կենդանի սիմվոլ չարիքի մարմնավորմանը:
Նիկոլ Փաշինյանը նոր չէ, կամ 2018-ին չէ, կամ 2020-ի նոյեմբերի 9-ին չէ, որ հրաժարվել է Արցախից: Նա էն գլխից սևագույն ատելությամբ է ներծծված հայության, Հայաստանի, Արցախի հանդեպ: Նա իրագործել ու շարունակում է իր այդ ատելությանը հագուրդ տալու ծրագիրը: Եվ քանի դեռ շարունակում է, Հայաստանի կործանումը չի դադարելու:
Ոմանք, որ մնացել են նիկոլական քարոզչության և սերմանած ներքին ատելության մաղձի տակ, շարունակում են թույն շնչել Արցախի ու Արցախի հայության նկատմամբ:
Մինչդեռ Արցախը, ավելի հստակ՝ Արցախն ու Սյունիքը ներկայիս Հայաստանի գոյության ողնաշարն են: Ողնաշա՛րը: Իսկ բոլոր նրանք, ովքեր կարծում են, կամ ավելի վատ՝ ցանկանում են, որ Արցախից հետո Նիկոլ Փաշինյանը թշնամուն հանձնի նաև Սյունիքը, զուրկ են ողնաշարից: Վաղուց կողմնորոշվելու ժամանակն է. ունենալ և շտկե՞լ ողնաշարը, թե՞ ծայրագույն ապուշություններ մրմնջալով «խաղաղության» թեմայով, շարունակել անիմաստ գոյությունը՝ որպես անողնաշարավորներ:
Քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, Հայաստանը շարունակելու է չլինել:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը