Դուխովը իր ընտրությունն վաղուց կատարել է, հիմա իր թշնամին կրթված մարդն է, ով ոչ թե վրեժ է տենչում, այլ շարունակում է ապագայի հեռանկար որոնել, այսինքն միջին խավն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«2018-ի ցույցերին, սկզբնական փուլում, մասնակցում էր հիմնականում միջին խավը, որտեղ մեծ դեր էր խաղում կրթված երիտասարդությունը, որը երկրում փոփոխություններ էր ուզում։
Մարդիկ հոգնել էին կոռուպցիայից, ԱԺ-ում հայտնված բազմաթիվ հակաէսթեթիկ, փնթի ու հակաինտելեկտուալ կերպարներից եւ ցանկանում էին ապագայի հեռանկար տեսնել։ Դա ապստամբություն էր երկիրը նվաճած Ճահճի դեմ։ Դա բնական ցանկություն ու ձգտում էր։
Երբ հանրահավաքները դարձան ավելի բազմաքանակ, հրապարակը կորցրեց իր որակն ու հայտնվեցին խորովածի մաղալները, դրոշի վրա բլոտ խաղացողները, հակասոցիալական տարրերը, որոնք առաջնորդ էին ցանկանում, ով կլուծի իրենց սոցիալական վրեժը։
Հանրահավաքների որակի փոփոխության հետ միաժամանակ, փոխվեցին նաեւ կարգախոսները։ Այլեւ հերոսը "քաղաքացին" չէր, այլ Դուխովը, ով եկել է պատժելու։ Առաջ եկավ սեւի-սպիտակի ջրբաժանը։
Դուխովը պետք է ընտրություն կատարեր, թե այսուհետ որ խավի վրա է շարունակելու հենվելու։ Առաջին բազմությանն ինքն ասելիք չուներ, իրականում դա իր համար խորթ խավ էր։ Հոգեհարազատ խավը, որն իր համար հասկանալի էր, ում հետ կարող էր նույն լեզվով խոսել, դա վրեժ տենչացողներն էին։
Դուխովը իր ընտրությունն վաղուց կատարել է, հիմա իր թշնամին կրթված մարդն է, ով ոչ թե վրեժ է տենչում, այլ շարունակում է ապագայի հեռանկար որոնել, այսինքն միջին խավն է։
Երբ միջին խավը կարողանա մոբիլիզացվել, Դուխովը կնահանջի, որովհետեւ իր ընտրողն ամբոխն է, որը բնազդներով է առաջնորդվում, սակայն տեղի է տալիս կազմակերպված զանգվածին»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը