«Արդարություն» կուսակցությունը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և ՀՅԴ Արցախի կառույցը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
«Համազգային միասնությունը, իրոք որ, հայ ժողովրդի համար միակ փրկությունը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատվածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանությունները իրենց հայտարարություններում ու կոչերում միշտ էլ կարևորել են եռամիասնության գաղափարը և այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության իրականացման համար կարևորագույն հանգրվաններ են եղել մայր հայրենիքում և Արցախում տարբեր ձևաչափերով կազմակերպված համաժողովներն ու քննարկումները:
Այդ հավաքներում մեր հայրենակիցների շփումները առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ հանուն անանց արժեքների և կենսական կարևորություն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկյունում էլ լինի, պատրաստ է զոհողության ու նվիրումի, համախմբման ու բռունցքվելու: Անցած տասնամյակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնավորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսվել և Արցախով իմաստավորվել յուրաքանչյուր համախմբման կոչ, յուրաքանչյուր համահայկական գաղափար:
44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախի պետականության պահպանման, ամրապնդման և վերքերի ապաքինման առումով համոզված ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժեքների ու եռամիասնության գաղափարի շուրջ համախմբումը: Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով:
Այդ ժողովի օրակարգին և կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտահայտել Հայ առաքելական եկեղեցու հովվապետները՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսությունները: Գագաթնաժողովին չեն հրավիրվել կամ բոյկոտել են Սփյուռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպություններ ու անհատներ:
Գագաթնաժողովի օրակարգը և նախատեսված միջոցառումները պատշաճ ու համարժեք չեն անդրադառնում Արցախին և նրա առջև ծառացած մարտահրավերներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պետք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: ՀՀ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թե՛ միջազգային, և թե՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշված իրականության ևս մեկ ապացույցն է: Արցախն անտեսող և կեղծ համահայկականությամբ քողարկված այս ժողովը անընդունելի պետք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հայոց պետականությունը և նրա ամրությունն ապահովող հիմնասյուները:
Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները:
Արդարություն կուսակցություն
Արցախի ժողովրդավարական կուսակցություն
ՀՅԴ Արցախի կառույց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը