Տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում Ադրբեջանի կողմից «միջանցքային թեմայի» մշտական շրջանառումը ոչ այլ ինչ է, քան 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարման խեղաթյուրում և սաբոտաժ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ նշեց. «Ցանկանում եմ ընդգծել, որ այս հայտարարության 9-րդ կետում ոչ մի տեղ և ոչ մի կերպ չի հիշատակվում միջանցք բառը։ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի հետ կապված՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և կապ չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այս պայմանավորվածությունների միջև ցանկացած զուգահեռներ համարում ենք մանիպուլյատիվ։
2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի շահարկումը, ցավոք, դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը, և դա արտահայտվում է նաև նրանով, որ չնայած այն փաստին, որ հայտարարության մեջ հստակ նշված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։
Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության 9-րդ կետի կատարմանը, ապա այս հարցը լիովին պարզաբանված է հաջորդ՝ 2021 թ.-ի հունվարի 11-ի Մոսկվայում եռակողմ հայտարարության մեջ։ Ավելին, եռակողմ աշխատանքային խումբը, որը համանախագահում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետները, որոշել է, որ վերականգնվող և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով նրանք անցնում են։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ մենք պատրաստ ենք այս հիմքով ճանապարհների շուտափույթ բացմանը։ Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովելու համար երեք անցակետեր բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը վաղուց պաշտոնական շրջանառության մեջ է, սակայն հենց Ադրբեջանի նախագահն է դեմ արտահայտվում նման որոշմանը։ Եվ դա կապված է կապուղիների ապաշրջափակման և մարդկանց, ապրանքների ու տրանսպորտի տեղաշարժը հնարավորինս մեկուսացնելու Ադրբեջանի ցանկության հետ, ինչը վկայում է այն մասին, որ նրանք շահագրգռված չեն տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման տրամաբանությամբ։
Ինչ վերաբերում է տրանսպորտային նոր հաղորդակցությունների կառուցմանը, ապա վերը նշված սկզբունքներով մենք պատրաստ ենք դրան ևս, և դրան խոչընդոտում է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, եռակողմ հայտարարությունների տեքստի շահարկումը։
Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, որ նոր ճանապարհների կառուցումը Հայաստանի պարտավորությունն է, սակայն եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը պետք է համաձայնեցնեն այս հարցը։ Եվ մենք պատրաստ ենք նման համաձայնեցման, ավելին՝ մենք հետաքրքրված ենք դրանում, և միակ բանը, որ ակնկալում ենք Ադրբեջանից այս հարցում, կառուցողականությունն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը