News.am-ը գրում է․ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանն այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։
Դատարանը բավարարել է շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի պաշտպաններ Արման Թամրազյանի եւ Հայկ Ալումյանի միջնորդությունը եւ նրան գրավի դիմաց ազատ արձակել։
«Մենք գտնում էինք, որ որեւէ տեսակի խափանման միջոց կիրառելու հիմք չկա, բայց չբացառելով, որ դատարանը կարող է համարել խափանման միջոց կիրառելու հիմք կա, միջնորդել էինք վերացնել որեւէ տեսակի խափանման միջոցը կամ կալանքը փոխարինել գրավով։ Գրավը սահմանվել է 6 միլիոն դրամ։ Գրավի գումարը վճարելուն պես Հարություն Մանուչարյանը պետք է ազատ արձակվի»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը։
Նշենք, որ Հարություն Մանուչարյանի գործը դատաքննության փուլում է, գործով բոլոր վկաներն ըստ Ալումյանի, հարցաքննվել են։
Հիշեցնենք՝ Հարություն Մանուչարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, վստահեցնում է, որ ինքը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Տեղեկություններ կան, որ Մանուչարյանին պատժել են 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ին չաջակցելու համար։
Նա կալանավորվել էր 2021 թվականի նոյեմբերի 9–ին։
Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 25–ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ «Զորավոր համայնք» դաշինքը ստացել է 5683 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 4297 ձայն, իսկ «Արժանապատիվ սերունդ» դաշինք էլ՝ 1095 ձայն։ Բերդ խոշորացված համայնքում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է. «Զորավոր համայնքը» ունի 11, ՔՊ–ն՝ 8, «Արժանապատիվ սերունդն» էլ՝ 2 մանդատ։
Քանի որ «Զորավոր համայնքը» ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին է ստացել, ապա այդ կուսակցությունների դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար։ Սակայն Հարությունը Մանուչարյանը, ինչպես նաեւ ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Սամվել Հովսեփյանը եւ 10-րդ համար Սարգիս Մարգարյանը ինքնաբացարկի դիմում են ներկայացրել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը