16 09 2022

ԱԽՔ-ը դժգոհ է ՀԱՊԿ-ի աշխատանքից

ԱԽՔ-ը դժգոհ է ՀԱՊԿ-ի աշխատանքից

Հայաստանի պահանջը ՀԱՊԿ-ից եղել է Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, մինչև այս պահը դա չի կատարվել: Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել: Այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում», - ասել է նա:

Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

Պարո՛ն Գրիգորյան, Ձեզ բավարարո՞ւմ է ՀԱՊԿ-ի արձագանքը, որի մոնիթորինգային խումբը հիմա Հայաստանում է, հատկապես հաշվի առնելով, թե ինչ արագությամբ ՀԱՊԿ-ի զորքերը Ղազախստան հասան, այդ թվում` Հայաստանի նախաձեռնությամբ:

Մեր ակնկալիքը ո՞րն է եղել, և մեր հարցադրումը ո՞րն է եղել ՀԱՊԿ-ին դիմելու ժամանակ ձևակերպված, դա այն է` Հայաստանին տրամադրել ռազմական և ռազմաքաղաքական օգնություն, որպեսզի Հայաստանի սուվերենությունը պաշտպանվի, և Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերը դուրս գան: Մեր պահանջը ՀԱՊԿ-ից դա է եղել, մինչև այս պահը դա չի կատարվել: Բնականաբար, այս մասով չի կարող մեզ գոհացնել:

Ղազախական դեպքերի ժամանակ Դուք հույս էիք հայտնում, որ այսպես վերջապես կգործարկվեն այդ մեխանիզմները, նախադեպ կստեղծվի, մենք մեզ նեղացած չպետք է պահենք: Այ հիմա վերլուծական, փորձագիտական շրջանակներն ասում են, որ սա վերջին ազդակն էր:

Բնականաբար, այդպիսի հույս եղել է, և բնականաբար, այդ հույսը ամբողջովին ի չիք է դարձել, և չկա այդպիսի հույս այլևս, միայն քայլերը ՀԱՊԿ-ից, առարկայական քայլեր եթե լինեն, կարող ենք մտածել դրա մասին կամ տեսնել այդ քայլերը և համոզվածություն ունենալ, բայց այն, որ ՀԱՊԿ-ը դեռևս պատշաճ չի արձագանքել, որպեսզի ադրբեջանական զորքերն ամբողջությամբ դուրս գան Հայաստանի սուվերեն տարածքից, դա նշանակում է, որ մեր ակնկալիքները չեն արդարացել, և մեր ակնկալիքները միայն կարդարանան այդ դեպքում:

Հիշեցենենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ նշել են, որ գոհ են ՀԱՊԿ-ի աշխատանքներից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ