16 09 2022

Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է․ Սուրեն Սարգսյան

Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է․ Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

«Օգոստոսի 23-ին և 25-ին գրել էի Փելոսիի այցի մասին իմ ֆեյսբուքյան էջում: Հիմա կարող եմ արդեն փակագծեր բացել և մանրամասներ ներկայացնել:

1. Փելոսին Ամերիկայի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Բայդենի թիմակիցը:

2. Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է:

3. Այցը տարածաշրջանային չէ, Գերմանիայից գալիս է ուղիղ Հայաստան: Այլ պետություններ չի գնալու: Այսինքն, հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանական օրակարգ չկա (առնվազն այս պահին):

4. Ամերիկյան մամուլում տեղեկություններ կան, որ Փելոսին օգնելու է իր կուսակցությանը հաղթել նոյեմբերին, հետո անցնել այլ աշխատանքի (դեսպան նշանակվել):

5. Իհարկե նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են, դեմոկրատներին պետք են հայկական ձայներ: Սակայն պետք է հաշվի առնել, որ Փելոսին հայերի լավագույն բարեկամներից է Կոնգրեսում և Հայաստան գալը նաև անձնական մոտիվ ունի (մանավանդ հնարավոր պաշտոնաթողությունից առաջ):

6. Եվ ամենակարևորը.
Երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ադրբեջանական ագրեսիան տեղի չէր ունեցել: Հանգիստ կարող էր չեղարկել, հետաձգել այցը, կամ Բաքու էլ գնալ՝ պարիտետը պահելու նպատակով: Նրա ամուսնու անվան շուրջ էլ վերջերս սկանդալ էր ԱՄՆ-ում: Սակայն Փելոսին որոշել է, չնայած պատերազմին և ներամերիկյան քաղաքական գործընթացներին այդուհանդերձ գալ Հայաստան և մենք պետք է այս հանգամանքը ի օգուտ մեզ օգտագործենք (եթե ունակ ենք):

Ի դեպ, հենց տեղեկացել եմ այցի մասին (մոտ մեկ ամիս առաջ) առաջարկել եմ, որ Նենսի Փելոսին այցելի նաև Արցախ: Առաջարկս ընդունել են, թե ոչ՝ տեղյակ չեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ