15 09 2022

Կոչ ենք անում Երևանին և Բաքվին զսպվածություն դրսևորել․ ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ

Կոչ ենք անում Երևանին և Բաքվին զսպվածություն դրսևորել․ ՄԱԿ-ում ՉԺՀ ներկայացուցիչ

Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժանելի է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատշաճ կարգավորումից։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Չժան Ցյունը։

Նա նշել է, որ Չինաստանը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությամբ։ «Տարածաշրջանային խաղաղության եւ կայունության պահպանումը բխում է երկու երկրների ընդհանուր շահերից։ Մենք կոչ ենք անում Երեւանին եւ Բաքվին զսպվածություն դրսեւորել եւ հարցերն ու տարաձայնությունները լուծել քաղաքական երկխոսության միջոցով։ Կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա սրացումից խուսափելու համար»,- ասել է նա։ 

Դիվանագետը հույս է հայտնել, որ երկու կողմերն էլ կկատարեն հրադադարի պայմանավորվածությունը՝ առաջնորդվելով իրավիճակը լիցքաթափելու ընդհանուր նկատառումներով։ «Հույս ունենք, որ կողմերը դրականորեն կհամագործակցեն սահմանի հարցում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումն անբաժանելի է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի պատշաճ կարգավորումից։ Չինաստանը ճանաչում է այս հարցում պատմական զարգացումը, մենք հետեւողական դիրքորոշում ենք որդեգրել եւ աջակցել խնդրի կարգավորմանը քաղաքական երկխոսության միջոցով։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը մոտ ապագայում կմշակեն համապատասխան լուծում՝ միջազգային իրավունքի եւ միջազգային հարաբերությունների ճանաչված նորմերին եւ դրույթներին համապատասխան։ Մենք հուսով ենք, որ դրական առաջընթաց կգրանցվի Լեռնային Ղարաբաղի հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ Ռուսաստանի միջնորդությամբ»,- ասել է նա։

Նրա խոսքով, կայուն բարիդրացիական հարաբերությունների պահպանումը բխում է ոչ միայն այս երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի հիմնարար շահերից։

«Հուսով ենք եւ հավատում ենք երկու կողմերի քաղաքական իմաստությանը եւ երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով խնդիրները լուծելու, խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու եւ ընդհանուր անվտանգության հասնելու վճռականությանը։ Պեկինը պատրաստ է աշխատել միջազգային հանրության հետ՝ իրավիճակի կարգավորման կառուցողական ջանքեր գործադրելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ