Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․
Քանի որ նույնիսկ Նիկոլին ատող շատ ընկերներս չեն հասկանում, թե ինչ է նա հիմա անում, փորձեմ բացատրել։ Նախ՝ այսօրվա իր հայտարարությունը...
ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Նա, ամենայն հավանականությամբ կամ ԱՐԴԵՆ ստորագրել է գաղտնի մի բան Արցախը հանձնելու մասին, կամ տվել է բանավոր երաշխիքներ։ Սա իր ոճն է. մինչև վերջ տպավորություն էին ստեղծում, թե Բերձորի և Աղավնոյի ճակատագիրը դեռ որոշված չէ, այնինչ շատ լավ էլ գիտեին, որ ամեն ինչ որոշված է։ Նույնը՝ Իրանի հետ մեր ճանապարհը ադրբեջանցիներին հանձնելը և այլն։
Ավելին՝ ՀՀ-ն իր համար կարմիր գիծ չէ մի պարզ պատճառով. նա արդեն հանձնել է Գորիս–Կապան ճանապարհը, Շուռնուխի կեսը, մի տարուց ավելի է՝ հանդուրժում է ՀՀ տարածք մտած թշնամու ներկայությունը Սյունիքում ու Գեղարքունիքում, նախապատրաստություններ է տեսնում Տավուշում հող հանձնելու և այլն, և այլն։
Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական սահմանը դեռ ՈՐՈՇՎԵԼՈՒ է սահմանազատման ընթացքում, և ինչի վրա ադրբեջանցիները մատները դնեն, այդտեղ էլ սահմանը կանցնի, քանի որ ՀՀ-ն ներկայացնողն իրենց կամակատարն է։ Այսինքն այդ «կարմիր գիծ» սիրուն բառը որ ասում է, իրականում էդ գիծը դեռ գծվելու է ըստ Բաքվի քմահաճույքի։
Նա ընդամենը օգտագործում է աշխարհի բոլոր պոպուլիստների ու բռնապետների սիրած հնարքը՝ հղում առ ժողովրդին. «նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնի»...
ԻՐԱԿԱՆՈՒՄ սա նշանակում է, որ նա ատամներով պահելու է իշխանությունը ու, ինչպես արդեն գիտենք 44-օրյա պատերազմի փորձից, հազարների կկոտորի, բայց իշխանությունը կպահի։
Որևէ պայմանագիր ստորագրելով այս պատերազմը չի կանգնելու, նույնիսկ եթե Նիկոլն իսկապես հավատար իր փուչ խոստումներին, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն պատրաստվում մեզ ապրելու շանս տալ։ Ադրբեջանական զորքը կամրանա նոր գրաված դիրքերում ու կանցնի ագրեսիայի հաջորդ փուլին։ Ինչպես արեցին 44-օրյայի ժամանակ, հետո Սև լճի մոտ ու Գեղարքունիքում և այլն, և այլն։ Ադրբեջանը ՉՈՒՆԻ որևէ կարմիր գիծ Հայաստանի նկատմամբ, ու քանի դեռ Նիկոլն է նստած Հանրապետության հրապարակում, մենք շարունակելու ենք կորցնել Հայաստանը։
Քանի ամիս է ասում եմ. մենք ապրում ենք փետրվարի 23-ի Մարիուպոլում, ուր մարդիկ պլանավորում էին հաջորդ օրը համերգ գնալ, երեխայի ծնունդը տոնել ևն, բայց փետրվարի 24-ին սկսվեց պատերազմը, իսկ 2 ամիս անց Մարիուպոլ ուղղակի չկար։
Երբ ասում էի, որ մենք «փետրվարի 23-ի Մարիուպոլում ենք», մարդիկ լսում էին, գլխով անում, բայց համարում սա գեղարվեստական խոսք։
3 օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին ջերմուկցիներին եթե նույնը ասեի, կծաղրեին ինձ։ Ինչպես և Մարիուպոլի ժողովուրդը, իրենք ինչ-որ առօրյա գործեր էին պլանավորում. ծնունդ, կնունք, քեֆ և այլն։ Այսօր Ջերմուկի մատույցներում մարտեր են։
Թերևս այսքանը... Կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան, այլընտրանք չկա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը