Այսօր երեկոյան Ադրբեջանը հարձակում է գործել Հայաստանի վրա՝ խախտելով երկրի տարածքային ամբողջականությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը։
«Այս երեկո իմ մտքերը Հայաստանի ու հայերի հետ են։ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է նախաձեռնել՝ հերթական անգամ խախտելով մեր բարեկամական երկրի տարածքային ամբողջականությունը։ Վաղն անմիջապես դիմելու եմ արտգործնախարար Կատրին Կոլոնեին, որպեսզի Ֆրանսիան կանգնի Հայաստանի կողքին»,- նշել է նախագահ Էմանուել Մարկոնի կուսակիցը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի հետևանքով սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։
«ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով»,- հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը