Yerevan.Today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Միջազգային հանրապետական ինստիտուտի անունից այս տարվա հունիսին հարցում է անցկացվել Հայաստանում, որի հրապարակված թվերը, մեղմ ասած, անհասկանալի են։
Այսպես, «Ձեր կարծիքով Հայաստանն ընդհանուր առմամբ ճի՞շտ ուղղությամբ է գնում, թե՞ սխալ» հարցին 31 տոկոսը պատասխանել է, որ ճիշտ ուղղությամբ է գնում, 42 տոկոսը պատասխանել է, որ սխալ է գնում, 27 տոկոսը դժվարացել է պատասխանել կամ հրաժարվել է։ 2021 թվականի ապրիլ-մայիսին էլ են նույն հարցը տվել, ու ժողովրդի 43 տոկոսը պատասխանել է, որ ճիշտ ուղղությամբ է գնում, 20 տոկոսը պատասխանել է, որ սխալ ուղղությամբ է գնում, 37 տոկոսը չի պատասխանել։
Ստացվում է, որ մեկ տարում ավելի քան կրկնապատկվել է այն անձանց թիվը, ովքեր կարծում են, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում։ Այն մարդիկ, որոնք դժվարանում էին պատասխանել, հիմա վստահաբար ասում են, որ սխալ է գնում, նրանք, ովքեր կարծում էին, որ ճիշտ է գնում, հիմա փոշմանել են։ Հասկանալի է ու տրամաբանական։
Հարցին, թե «Ո՞րն է մեր երկրի առջև այսօր կանգնած ամենակարևոր խնդիրը», 54 տոկոսն ասել է՝ ազգային անվտանգություն ու սահմանային հարցեր։ Այսինքն, ժողովրդի ճնշող մեծամասնությունը անվտանգության առումով խնդիր է տեսնում։ Երկրորդ տեղում քաղաքական անկայությունն է, բայց արդեն՝ 10 տոկոս, երրորդում տնտեսությունը, գործազրկությունը։ Սարսափելի գնաճը ժողովուրդը, արդեն, չորրորդական խնդիր է համարում, քանի որ առաջնահերթը մնում է անվտանգությունը։
Սա էլ է տրամաբանական, ժողովուրդն ասում է՝ ոչինչ, թող վատ ապրենք, բայց անվտանգ լինենք։
Անտրամաբանականը արդեն ցուցադրվող թվերն են անձերի ռեյտինգների վերաբերյալ։
Ըստ այդ արդունքների, հարցվածնեռրի 53 տոկոսը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ունի դրական կարծիք և միայն 33 տոկոսը՝ բացասական։ Այսինքն ստացվում է, որ դուրս գանք փողոց ու հարցնենք, 10 մարդուց առնվազն 5-ը կասեն գոհ են Նիկոլի՞ց։ Լու՞րջ, տղերք, էդ որտե՞ղ եք արել այդ հարցումը, ՔՊ գրասենյակու՞մ։ Ես, որպես խմբագիր, որը տարին 12 ամիս, շաբաթը մի քանի անգամ հարցումներ է անում փողոցային, տեսախցիկի առջև, կարող եմ ասել, որ սա սուտ է․ ցանկացած թեմայով էլ որ հարց տաս Նիկոլից, գոհ մարդիկ գրեթե չեն հանդիպում, էլ բա ու՞ր են այդ 54%-ը, էդ, 10-ից 5-ը։
Ու ասեմ՝ որտեղ են «ծակվում», որ իրականությունից կտրված թվեր են և այլ նպատակ ունեն։
Գրած է, որ Ալեն Սիմոնյանի ռեյտինգն այնքան է բարձր, որ երկրորդ տեղում է, Նիկոլից հետո։ Լուրջ ե՞ք ասում։ Ախր, ինքը վերջին տարիներին որևէ դրական լույսի տակ, որևէ բանով աչքի չի ընկել, միմիայն հայհոյանքաբեր սկանդալներ։
Սկսած «Աղդամը իմ հայրենիքն է» դեմագոգիայից, որը հետո իրենք հանձնեցին, պատերազմի ժամանակ սուտ դուրս եկած գրառումներից, թե՝ հեսա լավ լուր կլսենք, շարունակած սկանդալից, թե՝ «Ինձ համար գերիները գոյություն չունեն». մոր պահվածքից, որ միջնամատ էր ցույց տվել ու թքել ժողովրդի վրա, միկոնոսյան և բալիական «կայֆերով», թոփ թազա 200 հազար դոլարանոց պադավատով, վերջացրած եղբոր ասֆալտի բիզնեսով. ընդամենը վերջերս էլ, գրեցին որ թքել էր քաղաքացու վրա։
Էս են եղել Ալեն Սիմոնյանի հետ կապված հրապարակային թեմաները։ Ուզում եք ասել, որ մեր երկրում ամենաբացասական կերպարներից մեկը ունի դրական երկրորդ վարկանի՞շը։
Ուզում եք ասել, որ ժողովրդի 54%-ը, որը ամենից շատ մտահոգված է անվտանգության և սահմանների պրոբլեմով, Ալենի նկատմամբ ունի դրական կարծի՞ք։
Էդ բա ոո՞ւր են էդ դրական կարծիք ունեցողները։
Մյուս գրաֆիկում էլ նայում ենք, պարզվում է՝ ում են ամենից շատ վստահում, նշում են որ տարբերակների առաջարկներ չեն նշել, այսինքն մարդ ինքն է ասել, 16% տվել է Փաշինյանի անունը և ընդամենը 3% նշել է Ռոբերտ Քոչարյանի անունը։ Մնացած տարբերակները 2% չեն կազմել, որ ընդգրկվեին սանդղակում, մնացել են «Այլ» տարբերակների մեջ։ Տղերք, բա ու՞ր մնացին Ալենը, նախագահ աշխատող Վահագն Խաչատուրյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանք Քոչարյանից բարձր դրական վարկանիշ ունեն, ըստ ձեր թվերի։
Օրինակ, ինչպե՞ս կարող է նույն հարցման մեջ, հանրության 59 տոկոսը բսցասական վերաբերվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց ռեյտինգային գործիչների ցանկում հայտնվեն Թուրքերի հետ գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանը կամ էնպիսի գործիչներ, ինչպիսիք Հերիքնազ Տիգրանյանն ու Նազելի Բաղդասարյանն են, ում որ ո՛չ անունով, ո՛չ դեմքով չեն ճանաչի 10-ից 10-ը։
Սկի ես, որ առավոտից իրիկուն լրահոսի մեջ եմ, նրանց կարող է փողոցում տեսնեմ, տեղը չբերեմ, թե որ մեկն էր։ Ուզում եք ասել՝ ժողովուրդը նրանց ճանաչում է, հիշում է ու անգամ դրական կարծիք ունի՞։
Իմ կարծիքով, իրականությունից բավականին հեռու հարցման տվյալներն այլ նպատակ ունեն, ինչ-որ մարդկանց ինչ-որ բան են ուզում համոզեն, որը, մեղմ ասած, չի կպնում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը