Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
«Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրավանքից Հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով ողջունում ենք Ձեզ։
Ողջ հայության համար խոր նշանակություն ունեցող սեպտեմբերի 2-ը, ներկա ժամանակներում մեր ժողովրդին դնում է լուրջ մարտահրավերների առջեւ։ Արցախի անկախության հռչակումը մեր ժողովուրդի հավաքական հավատքի ու ամուր վճռականության շոշափելի արտահայտությունն է ու մանավանդ նրա անխախտ պահպանումը համայն հայության նվիրական պարտավորություն է։
Վերջին մի քանի տարիների ցնցումները երբեք հուսահատության չեն կարող առաջնորդել մեր ժողովուրդը։ Մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ հանուն արդարության ու Արցախի մեր սիրելի զավակների արդար իրավունքի պաշտպանության։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը միշտ կմնա Արցախի մեր ժողովրդի ու պետության կողքին՝ վերանորոգ նվիրումով իր ներդրումը բերելով Արցախի հզորացման աշխատանքներին։
Այս առիթով, Մեր հայրական սերն ու Հայրապետական օրհնությունն ենք փոխանցում Ձեզ, Պարոն Նախագահ եւ Արցախի իշխանության։ Հայցում ենք Ամենաբարի Աստծուց, որ Իր հովանին անպակաս անի համայն հայության վրայից՝ ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս աշխարհի»,-ասվում է ուղերձում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը