Ի՞նչ է նշանակում՝ հայկական կողմը Բերձորը հանձնելու պարտավորությունները կատարում էր, մենք խոսեցինք։ Բա պետք է խոսեինք, հո չէի՞նք թողնելու, որ լռելյայն հանձնեին։ Yerevan.Today-ի հետ զրույցում այսպես արձագանքեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ անդրադառնալով այս իշխանություններին երբեմնի ընդդիմադիր, այժմ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառմանը, որտեղ, ըստ էության, վերջին իրադարձությունների մեջ մեղադրում է ընդդիմադիրներին և այն փորձագետներին, ովքեր անդրադարձել են Բերձորի ճակատագրին:
Նաիրի Հոխիկյանը, ով առաջիններից էր, որ խոսեց Բերձորի հանձնման մասին մեզ հետ զրույցում ընդգծեց.
«Իրականում Մարուքյաններն ու նրա նման մյուս մանկլավիկները ծանր են տարել, որ ընդդիմադիր դաշտը կարողացավ խափանել իշխանության ծրագիրը՝ Լաչինի միջանցքը անակնկալ հանձնելու առումով։ Տեսեք, դեռևս 2021-ի աշնանից Ադրբեջանի հետ գաղտնի պայմանավորվածությամբ ճանապարհաշինական աշխատանք էին անում և լռում այդ մասին, որևէ կերպ մարդկանց չէին ասում, որ պայմանավորվածություն ունեն մինչև 2022-ի հուլիսի 1-ն ավարտել նոր ճանապարհի կառուցումն ու Բերձորը, Աղավնոն հանձնել Ադրբեջանին։ Դա Նիկոլ Փաշինյանի իշխանության նախընտրելի գործելակերպն է, երբ մարդկանց կանգնեցնում են փաստի առաջ՝ շոկի մատնելով, ինչի հետևանքով էլ հանրությունը կորցնում է ինքնակազմակերպվելու, պայքարելու կարողությունը։ Այս անգամ դա չստացվեց ՀՀ իշխանության մոտ, հետևաբար պետք է իրենց մանկլավիկների միջոցով փորձեն վարկաբեկել ու մեղադրել ընդդիմությանը»։
Նաիրի Հոխիկյանի խոսքով՝ Էդմոն Մարուքյանը ստանձնել է մի պարտականություն, որը վատ է կատարում. «ՈՒ քանի որ նրանից Նիկոլ Փաշինյանը շարունակ դժգոհ է, Էդմոնը պետք է փորձի քիթը մտցնել տարբեր տեղեր, որպեսզի իր շեֆին հնարավորինս շատ քծնի։ Ընդամենը սա է Էդմոնի վարքագիծը»։
Ինչ վերաբերում է Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչների ապագային, մեր զրուցակիցը նշում է, որ այս պահին նրանց որևէ կոնկրետ ապագա չի սպասվում. «Մարդկանց մինչև վերջին պահը պաշտոնապես չէին ասում, թե ինչ է լինելու, և միայն ընդդիմության ճնշումների ներքո հունիսի 27-ին վարչապետի մակարդակով ստիպված եղան հայտարարել, որ հանձնելու են։ Դա առաջացրեց հանրային դժգոհություն, նաև դիմադրություն։ Նշված բնակավայրերի բնակիչները չեն ուզում դուրս գալ իրենց տներից։ Ու եթե դուրս չգան, Ադրբեջանը չի կարող մտնել Լաչինի միջանցք։ Խնդիրն այն է, որ պետք է հստակ ծրագիր ունենալ՝ ի՞նչ է լինելու տեղի բնակիչների հետ, որտե՞ղ են նրանք ապրելու, ինչպիսի՞ն է լինելու նոր ճանապարհը։ Սրանք հարցեր են, որոնք պատասխան չունեն, իսկ անպատասխան հարցերի դեպքում խնդիրները ավելի են խորանում։ Նման պարագայում պետք է ամեն կերպ պահել Բերձորը, Աղավնոն ու Սուսը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը