168․am-ը գրում է․ «Խաղաղությունն իրականում գին չունի, անգին է, ինչպես կյանքը։ Կյանքն անգին է։ Հակառակը պնդելը մահվան և պատերազմի քարոզ է։ Մահը երբեք ավելի թանկ չի կարող լինել, քան կյանքը, չնայած մեզ հարյուրամյակներով քարոզել են հակառակը»,- այս խոսքերի հեղինակն Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ում լևոնտերպետրոսյանական Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) թևը ներկայացնող Արսեն Թորոսյանն է:
Կյանքի՝ անգին լինելու մասին դատողություններ, նկատենք, անում է «միստր մահը», ում ապաշնորհ կառավարման արդյունքում քովիդ մահերի թիվը գերազանցեց պատերազմի զոհերի թիվը, ում՝ առողջապահության ոլորտը ղեկավարելու տարիներին քովիդը դարձավ եկամտաբեր բիզնես, ով փոշիացրեց միլիարդավոր դրամների պետական ու ոչ պետական միջոցներ, ինչին նաև Հաշվեքննիչ պալատն էր անդրադարձել:
Բարձր գաղափարներից խոսում է մի մարդ, ում նախարար աշխատած տարիներին կտրուկ աճ գրանցեցին իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնին տրամադրվող արտոնությունները:
2017 թվականին Արսեն Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ: 2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի:
Իսկ, ահա, 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով:
2020թ.Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում անգամ շահերի բախման հիմքով վարույթ էր նախաձեռնվել. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պայմանագրեր էր կնքել մի ընկերության հետ, որի տնօրենն իր իսկ կինն էր՝ Վարդիթեր Թևանյանը: Այդ պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Վարույթի հիմք էր հանդիսացել data.hetq.am-ի գրությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը