Yerkir.am-ը գրում է․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի անօրինական գործունեությունների շարքը շարունակվում է։ Շիրակի «տիրուհին» հերթական անօրինական նշանակումներն է կատարել։
Yerkir.am-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ Շիրակի մարզպետի 11․03․2022թ․ N105-Ա որոշումով մարզպետը «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Արևիկ Ծերունյանին։ Թերևս մինչ նշանակումը մամուլում որոշակի անդրադարձ եղավ, որ մարզպետը, ազատելով գործող տնօրենին, ցանկանում է նրա փոխարեն նշանակել քեռակնոջը: Սակայն դա հետ չպահեց մարզպետին։ Քեռակինը նշանակվեց ժամանակավոր պաշտոնակատար. «Արևիկ Ծերունյանին (քեռակին) 2022թ մարտի 11-ից նշանակել «Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությանը (նշանակմանը)»։
Եվս մեկ ուշագրավ նշանակում տիկին մարզպետը կատարել է 14․12․2021թ․ N:410 որոշումով՝ «Կարեն Թորոսյանին նշանակելով «Գյումրու Վ․ Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար։ Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2013թ․ հունիսի 7-ի N24-Ն և ՀՀ Շիրակի մարզպետի 2013թ հունիսի 18-ի N147-Ն համատեղ հրամանի, որը սահմանում է ՀՀ մարզպետարանների ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու հարյուր տոկոս՝ պետության սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) և հավակնորդներին ներկայացվող պահանջները, 1-ին կետի 1-ին երթակետի՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների բժշկական կենտրոնների, ծննդատների, բժշկական այլ կազմակերպությունների տնօրեններին ներկայացվող պարտադիր պահանջներից է բարձրագույն բժշկական կրթությունը։ Կարեն Թորոսյանը կրթությամբ տնտեսագետ է։
Արդյո՞ք Շիրակի մարզում չկար գեթ մեկ անձ, որ կբավարարեր վերը նշված հրամանի բոլոր պահանջները։ Վստահաբար 282 հազար բնակչություն ունեցող մարզում կան այս պահանջները բավարարող անձինք, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանցից որևէ մեկը Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակի թեկնածու չի եղել, ինչպես Կարեն Թորոսյանը։
Շիրակի մարզպետի մեկ այլ որոշումով՝ 27 հունիսի 2022թ N342-Ա, «Ամասիայի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար է նշանակվում Գևորգ Նիկողոսյանը։ Գևորգ Նիկողոսյանը ունի բարձրագույն բժշկական կրթություն, բայց վերը նշված հրամանի 2-րդ կետի 1-ին ենթակետը սահմանում է, որ գյուղական ամբուլատորիների և գյուղական առողջության կենտրոնների տնօրեններին ներկայացվող պարտադիր պայմաններից է բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա), կամ մանկաբուժություն, կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ։ Պարոն Գևորգ Նիկողոսյանը մասնագիտությամբ էնդիկրինոլոգ է։ Բայց այս դեպքում էլ նշենք, որ Նիկողոսյանը մարզպետի մտերիմ շրջանակներից է։
Հարկ է մեջբերել ընտրությունների վերաբերյալ հայտնի անեկդոտը. ընտրությունների ժամանակ թեկնածուն հայտարարում է, թե ընտրություններից հետո մենք լավ ենք ապրելու, ժողովրդի միջից մեկը հարցնում է ․ «Ի՞սկ մենք»։
Այո «ապագա կա» և պարզ է, թե ում համար կա այդ ապագան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարզպետ Բաղդասարյանը որոշում էր սահմանել «աշխատանքային օրերին ժամը 18:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին բացառել ՀՀ Շիրակի մարզպետարանի շենք աշխատակիցների ու քաղաքացիների մուտքը»:
Բացի այդ, անդրադարձել էինք նաև Բաղդասարյանի կողմից դպրոցների ներքին կյանքին խառնվելուն դեպքին:
Հիշեցնենք նաև, որ Բաղդասարյանի եղբայրը մայիսի 8-ին Գյումրիում «Դիմադրություն» շարժման դեմ փողոց փակող մի խումբ սադրիչների մեջ էր գտնվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը