Oragir.news-ը գրում է.
«Լևոն Դռնոյան գիտական-մշակութային հիմնադրամը» դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի կատարումն Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի դրույթների` պատասխանողին հարցմանը պատասխանելուն պարտավորեցնելու պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Այսինքն՝ հիմնադրամը Նիկոլ Փաշինյանին հարցում է հղել, որն այդպես էլ անպատասխան է մնացել։ Սակայն հիմնադրամը հայցադիմումը հետ է վերցրել։
Oragir.news-ը կապ հաստատեց բժիշկ-առողջագետ, գրող-հրապարակախոս Լևոն Դռնոյանի հետ՝ հարցնելով, թե ինչ հարցում է հղել վարչապետին, որը անպատասխան է մնացել․ «Դա ինձ համար անցած էտապ է, և ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում»,- պատասխանեց Դռնոյանը։
Իսկ հարցմանն ի վերջո պատասխանեցի՞ն․ «Չէ՛, ի՞նչ պիտի պատասխանեին, ես 3 տարի համառորեն ծրագրեր եմ ներկայացրել վարչապետի աշխատակազմին։ Կորոնավիրուսի գծով ծրագիր եմ ներկայացրել, տարբեր ժամանակներում գրքեր եմ նվիրել կառավարությանը, և ոչ մի պատասխան չեմ ստացել։ Վերջապես որոշեցի, որ դա այլ քաղաքակրթություն է, և այն, ինչ գրվում է, չի ընկալվում այդ մարդկանց կողմից»,- պատասխանեց Դռնոյանը։
Այսինքն՝ վարչապետին նոր ծրագրեր այլևս չի՞ առաջարկելու՝ հարցրինք Դռնոյանին․ «Ո՛չ, մի 5 ամիս առաջ որոշեցի, որ այլևս վերջ, իմ ծրագրերին պատասխան չկա, ուրեմն վերջ, այդ հեքիաթն ավարտվեց։ Դա քաղաքակրթական դեֆեկտ է, ոչ թե մարդկային դեֆեկտ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը