07 07 2022

Փարամազյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում չի եղել․ Ագնեսա Խամոյան․ News.am

Փարամազյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում չի եղել․ Ագնեսա Խամոյան․ News.am

News.am-ը գրում է․ Սյունիք կատարած այցի շրջանակում վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր այցելել է Քաջարան, որտեղ նրան ծաղիկներով դիմավորել է համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և վարչապետի տիկնոջն ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։ Համացանցում լայնորեն քննարկվում է լուրը, թե ինչու է Փարամազյանը դիմավորել Աննա Հակոբյանին։ NEWS.am–ը մեկնաբանություն է խնդրել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից։

Տիկին Խամոյան, համացանցը տարածում և քննարկում է լուսանկարը, որում երևում է, թե ինչպես է Մանվել Փարամազյանը դիմավորում Աննա Հակոբյանին։ Շատերը քննադատում են Փարամազյանին՝ նշելով, թե ինչպես կարող է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակում ներառված մարդը դիմավորել Աննա Հակոբյանին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։

«Մանվել Փարամազյանը «Հայաստան» դաշինքի ցուցակում չի եղել, եղել է «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, բայց ինչպես արդեն հայտնել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ Փարամազյանը հունիս ամսից դադարել է լինել «Վերածնվող Հայաստանի» անդամ։ Այո, կատարվածը խիստ անընդունելի է, իհարկե, բայց մյուս կողմից պետք չէ պղտոր ջրում ձուկ որսալ եւ վերջինիս քայլով գնահատական տալ ողջ ընդդիմությանը»։

Շատերը նաև քննադատում են Մանվել Փարամազյանին՝ նշելով, որ երբ նա անազատության մեջ էր, նրա ընդդիմադիր գործընկերները պայքարում էին նրա իրավունքների համար, իսկ այսօր նա դիմավորում է Աննա Հակոբյանին։ Ի՞նչ կասեք այս մասին։

Ինչ վերաբերվում է ձեր հարցին, որ մենք պայքարել ենք Փարամազյանի ազատության համար, ապա այո, հիմա էլ կարող եմ պնդել, որ մենք պայքարել եւ պայքարելու ենք ցանկացած ապօրինության դեմ։ Մեր պայքարը միանշանակ շարունակվում է եւ մենք ունենալու ենք առանց Նիկոլ Հայաստան։ Այսքանով այս թեման փակված եմ համարում, այլ մեկնաբանություններ չունեմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ