30 06 2022

Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում երաշխավորում է Արցախի նախագահը. Արթուր Ղազինյան

Փաշինյանի իշխանությունը ՀՀ-ում երաշխավորում է Արցախի նախագահը. Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որքան էլ որ տարօրինակ թվա, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում երաշխավորում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Բացատրեմ թե ինչու:

Ներկա տրածաշրջանային քաղաքական իրավիճակում Արցախի հարցը ստացել է անկյունաքարային նշանակություն, իսկ Արցախի ժողովրդի, իսկ իրականում առայժմ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական վարքագիծը թելադրում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական գործընթացների տրամաբանությունը:

Եթե Արայիկ Հարությունյանը սպասարկում է «խաղաղության դարաշրջանի» փաշինյանանական օրակարգը և կողմ է Արցախն Ադրբեջանի կազմում մնալուն, ապա Հայաստանի իշխանությունը ստանում է այդ ուղղությամբ գործելու ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լեգիտիմություն:

Իսկ եթե Արայիկ Հարությունյանը, Արցախի ժողովրդի ճնշման տակ կամ հրաժարական ներկայացնի, կամ փոխի իր վերաբերմունքը նիկոլական «խաղաղության դարաշրջանի» նկատմամբ և վերադառնա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրք, ապա Հայաստանում իրավիճակը կտրուկ կփոխվի:

Նիկոլ Փաշինյանը կկորցնի և՛ ներքին, և՛ արտաքին լեգիտիմությունը, ինչի հետևանքով շատ կարճ ժամանակում կկորցնի իշխանությունը, իսկ իշխանության կգան այն ուժերը, որոնք զորավիգ կլինեն Արցախի ժողովրդին ինքնորոշման իրավունքի համար մղվող պայքարում:

Մեծ հաշվով սա է իրողությունը և որքան էլ որ այն տհաճ լինի մեզ համար, մենք պետք է գիտակցենք, որ Արցախի հարցը մշտապես ունեցել է և շարունկում է ունենալ վճռորոշ նշանակություն Հայաստանում իշխանափոխության, ինչպես նաև իշխանության և ընդդիմության քաղաքական վարքաբնության համար:

Կարճ ասած, եթե Արցախի ժողովուրդը որոշի, որ չի ցանկանում ապրել Ադրբեջանի կազմում և այդ ուղղությամբ ձեռնարկի գործուն քայլեր, ապա Հայաստանում իշխանափոխությունը կդառնա օրերի տեխնիկական խնդիր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ