20 06 2022

Գագիկ Ջհանգիրյանը պատռեց Նիկոլ Փաշինյանի՝ «դեմոկրատական» շղարշի ետևում թաքնված իրական դեմքը․ Zham.am

Գագիկ Ջհանգիրյանը պատռեց Նիկոլ Փաշինյանի՝ «դեմոկրատական» շղարշի ետևում թաքնված իրական դեմքը․ Zham.am

Zham.am-ը գրել է․

«Մինչ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի այսօրվա ասուլիսն արդեն պարզ էր, թե ինչու էին Նիկոլ Փաշինյանին բերել իշխանության 2018 թվականին: Դեմոկրատական «հեղափոխության» շղարշի տակ թաքնված էին այդ «հեղափոխության» ճարտարապետների իրական նպատակները: Այդ նպատակները նույնիսկ աղերս չունեին իրական դեմոկրատական փոփոխություններ իրականացնելու հետ:

Իրական նպատակը՝ Փաշինյանի ձեռքերով տարածաշրջանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության խնդիրն  էր: Իսկ դրան խանգարում էր  Արցախի չլուծված հարցը: Փաշինյանի իրական դերակատարումն այդ սցենարում պիտի լիներ Արցախի անվտանգության համակարգի լիակատար ապամոնտաժումը, որն էլ նա փայլուն իրականացրեց:

Սկզբից, որպեսզի այդ նպատակին հասնեին, նախ անհրաժեշտ էր ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա քրեական գործ կարել: Հետո պիտի ՀԱՊԿ-ի հեղինակազրկումը իրականացվեր, հետո բանակի կազմալուծումը, հայաստանցի-ղարաբաղցի հակասությունը խորացնելը, հայկական բանակի վերնախավի վարկաբեկումը հանրության մոտ: Իսկ վերջում, որպեսզի այդ խնդիրը անթերի լուծվեր, պիտի իրականացվեր ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային գործընթացի ամբողջական փլուզումը: Պետք է նշել, որ Նիկոլ Փաշինյանը այս բոլոր խնդիրները գերազանց ձևով իրականացրեց:

ԵԱՀԿ Մինսկի խումբը 2020 թվականին, պատերազմից հետո, փաստացի դադարեց գոյություն ունենալ, իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո այն կազմալուծվեց արդեն դե-յուրե:

Իսկ դա նշանակում է, որ ավելի քան 25 տարվա բանակցային գործընթացի ողջ կապիտալը ջուրը լցվեց և իրականացավ ադրբեջանցիների երազանաքը:

Այսօր, մեր տարածաշրջանում ընթանում է աշխարհաքաղաքական լուրջ փոփոխությունների սողացող գործընթաց, որի արդյունքում լրջագույն վտանգի տակ է հայտնվելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի ապագան:

Ինչ վերաբերվում է երկրում ընթացող, իբր հին բարքերի վերացման գործընթացին, ապա այն ոչ միայն չիրականացավ, այլև իսկզբանե այդպիսի խնդիր դրված չէր: 2018-ի «հեղափոխության» իրական ճարտարապետները այդպիսի խնդիր իրենց առջև չէին էլ դրել: Քանզի լավ հասկանում էին, որ երկիրը փլուզող ղեկավարի իշխանությունը հնարավոր չի լինի պահպանել բացառապես դեմոկրատական եղանակներով:

Ահա, թե ինչու նրանց պետք էին Հայաստանի ավտորիտար համակարգի կայացման հին կադրերը, որպեսզի կարողանային պահպանել Փաշինյանի իշխանությունը: 2018-ից հետո Հայաստանում ոչ միայն դրական համակարգային փոփոխություն չիրականացավ, այլև վերականգնվեցին, ոչ թե հին, այլ Հայաստանի հնագույն, ավելի վատ բարքերը:

Այս ամենն այսօր արդեն իսկ տեսանելի է  հանրության մեծ մասի համար: Իսկ այսօրվա ԲԴԽ-ի նախկին նախագահի ասուլիսից հետո, կարծում ենք, որ այդ խնդիրը պարզ կդառնա նաև հանրության այն փոքր մասի համար, ովքեր անշահախնդրորեն դեռ իրենց հույսը չէին կորցրել, որ իրենց 2018-ին դաժանորեն խաբել են:

Ջհանգիրյանն այսօր պարոն Վարդազարյանի օգնությամբ բացահայտեց այդ ամենը:

Վերջում մնում է հետևյալ ամենակարևոր հարցադրումը, ի՞նչ անել այս իրավիճակից դուրս գալու համար հնարավորինս մինիմալ կորուստներով: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ Փաշինյանին որպես այլընտրանք հանդիսացողները լինեն մաքսիմալ անկեղծ հանրության հետ, և փորձեն իրատեսական առաջարկներով հանդես գալ, որպեսզի հանրությունը հավատա, որ հաջորդ անգամ էլ խաբված դուրս չի գալու:

Սա է իրականությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ