Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«34 ՏԱՐԻ ԱՆՑ․․․
Այսօր Օպերայի հրապարակում վերհուշ-նստացույց էր, որպես 1988թ․ ուսանողական նստացույցի հիշեցում։ Իսկապես հուզիչ էին 1988թ․ ուսանողական շարժումները։ Նստացույց սկսեցին Պետ․ Համալսարանի ուսանողները, հետագայում միացան Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողները։ Հատկապես հուզիչ էր Կոնսերվատորիայի ուսանողների նստացույցը։ Կոնսերվատորիայի շենքի դիմաց հավաքված ուսանողները երգում էին ազգային երգեր։ Ժամերով կանգնած, հուզված լսում էինք։Այնտեղ առաջին անգամ լսեցի «Ես Արամն եմ, քաջ Արամ, ինձ տանում են կախաղան․․» երգը։
Եվ ամենակարևորը՝ ԲՈՒՀ-երի ղեկավարությունը ոչ միայն չէր պատժում ուսանողներին, այլև շատ դասախոսներ նույնպես մասնակցում էին ցույցերին։ Եվ այս ամենը Խորհրդային Հայաստանում, որտեղ ԲՈՒՀ-երում պարտադիր առարկաներ էին ԽՄԿԿ պատմությունը, Դիալեկտիկական և Պատմական մատերիալիզմը, Քաղտնտեսությունը, Գիտական կոմունիզմը։ Փաստորեն Խորհրդային Հայաստանի երիտասարդ սերունդը, չնայած խորհրդային գաղափարախոսությանը, շատ ավելի ազգային արժանապատվություն կրող էր, Արցախի ազատագրման նվիրյալ, քան անկախ կոչվող Հայաստանի «անկախական» սերունդն իր ուսուցիչներով և դասախոսներով։ Հակառակ դեպքում, ու՞ր են Համալսարանի, այլ ԲՈՒՀ-երի ուսանողներն ու դասախոսները, երբ վտանգի տակ են և Արցախը և Հայաստանը։ Իսկ Պետ․ Համալսարանը, որտեղից 1988թ․ սկսվեց ուսանողական շարժումը, գտնվում է ռեկտորի պաշտոնը զավթած քպ-ականի ձեռքին, որը կողմ է Արցախի հանձնմանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը