13 06 2022

ՍԴ-ն չէր կարող ծանր վիրավորանքի հոդվածը հակասահմանադրական ճանաչել, քանի որ դա Փաշինյանի հանձնարարականն էր. Հակոբյան. News.am



News.am-ը գրում է․ Նույնիսկ կայացած բռնապետական երկրներում ծանր վիրավորանքի հոդվածը որևէ օրենքով ֆիքսված չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը, որը նույնպես այդ հոդվածով մեղադրյալի կարգավիճակ ունի։

Նշենք, որ հուլիսի 1-ին ծանր վիրավորանքի հոդվածն ապաքրեականացվելու է։

Նա նշեց, որ իր վերաբերյալ քրեական գործով դատական նիստը նշանակված էր օգոստոսի 23-ին. «Անկեղծ ասած՝ լավ պատրաստվում էի, ափսոս, էլ չի լինի։ Այս օրենքի հետ կապված լուրջ ճնշումներ եղան։ Զարմանում եմ, թե ինչպե՞ս կարողացան այդպիսի օրենք ընդունել։ Ամենախուլիգանական հայհոյանքը, որը հնչել է, դա եղել է վարչապետ կոչված Նիկոլ Փաշինյանի հայհոյանքը, շատ հստակ էր, որ այդ հայհոյանքին հայհոյանքով են պատասխանելու։ Նա ասել էր՝ «ընդդիմությանը կբռնեմ և կշինեմ», այնուհետև պետության բարձրագույն ամբիոնից հայտարարեց՝ «եթե պետք լինի ընդդիմության վրա ոչ միայն մատ թափ կտամ, այլ նաև ուրիշ բան», ես ցիտելով իր այս արտահայտությունները, ասացի՝ «ղալաթ կանես, տականք, սրիկա»։ Եթե նայենք համեմատաբար, իմ պատասխանն ավելի մեղմ է»։

Ըստ Հակոբյանի՝ Ոստիկանությունում ձևավորվել էր մի մարմին, և այդ մարմինն էր որոշում՝ որն է հայհոյանքը, որը՝ ոչ. «Այդ մարմինը ոստիկանապետն էր ղեկավարում։ Մենք գործ ունենք մի քաղաքական մեծամասնության հետ, որը չի գիտակցում, որ պետություն է ղեկավարում և նա էլ չի հասկանում, որ օրենքներ է ընդունում, որոնք միայն Հայաստանում չէ որ կարդում են և դիտարկում են, միջազգային կառույցներ կան, որոնք ուղղակի սարկազմի ժանրով էին խոսում»։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի կողմից 2 ամիս առաջ ծանր վիրավորանքի հոդվածը հակասահմանադրական ճանաչելուն՝ Ռուբեն Հակոբյանն արձագանքեց. «Այսօր Հայաստանում չկա Սահմանադրական դատարան, չկա Ազգային ժողով, չկա Քրեական օրենսգիրք, կա մի անձ՝ Նիկոլ Փաշինյան, որը բոլորի փոխարեն իրականացնում է։ Սահմանադրական դատարանը չէր կարող հակասահմանադրական ճանաչել, քանի որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարականն էր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ