Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով օրենքի նախագծերի փաթեթը, նշեց, որ դրանցով նորովի են շարադրվում ՊՆ ոլորտում կառավարության լիազորությունները, առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի ոլորտում իրավասությունները, անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ եւ ծրագրեր ներառվում են ՊՆ պլանում, խմբագրվում եւ հստակեցվում են պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխվոր շտաբի, նաեւ պաշտպանության նախարարի եւ ԳՇ պետի լիազորությունների շրջանակը:
«ՊՆ-ին են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման եւ կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը: ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ:
2020-ին հայտարարված զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պյմաններ ունենալու դեպքում զորակոչային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
Պապիկյանն ընդգծեց, որ նախագծով գնումների գործընթացն ու ապահովումն ամբողջությամբ իրականացնելու է ՀՀ պաշտպանության նախարարությունը, և գլխավոր շտաբն այլևս չի զբաղվելու այդ հարցով։ Նրա խոսքով` ԶՈւ–ն պետք է զբաղվի միայն իրեն վերապահված գործով` պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստականությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը