Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը կոչ ուղղեց ուժային կառույցներին և պետական բոլոր պաշտոնյաներին՝ չսատարել Նիկոլ Փաշինյանին ու այս օրերին, երբ նա պատրաստվում է գնալ նոր զիջումների, չդառնալ դրա պատասխանատվությունը կիսող ու կրող կողմ։
«Մինչև պատերազմը վիճակն այլ էր։ Մինչև պատերազմը ժողովուրդը, քաղաքական ուժերը, բազմաթիվ հանրային մարդիկ հավատացել են Նիկոլին, ես դրան ըմբռնումով եմ մոտենում։ Բայց պատերազմից հետո իրավիճակն այլ է։ Պատերազմից հետո Նիկոլին սատարելն անտրամաբանական է։
Իսկ այս օրերին, երբ ակնհայտ է, որ այս մարդը հերթական անգամ երկիրը տանում է հերթական զիջումների, ա՛յս օրերն Նիկոլին սատարելը մեղք է։ Հետևաբար, կոչ եմ անում՝ մի՛ մտեք այդ պատասխանատվության տակ, մի՛ կիսեք այդ մեղքի բաժինը։ Հանուն պաշտոնի, հանուն դիրքի մի՛ սատարեք Նիկոլին, որովհետև նրա միակ հենարանը մնացել են ուժային կառույցները, որոնք չեն կարող կասեցնել ժողովրդի ցասումը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա ևս մի կոչ ուղղեց ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ Փաշինյանի որոշումների պատասխանատվությունը կիսելուց առաջ նայել սեփական զավակների աչքերին ու մտածել վաղվա օրվա մասին։
«Միևնույն է, դավաճանը գնալու է, բայց պետք է գնա շուտ, որ նոր ավերածություններ չգործի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը