20 05 2022

Ակտիվ ճամփորդություն դեռևս չի նշանակում արդյունավետ դիվանագիտություն․ Սուրեն Սարգսյանը՝ ԱԳ նախարարի ԱՄՆ այցի մասին

Ակտիվ ճամփորդություն դեռևս չի նշանակում արդյունավետ դիվանագիտություն․ Սուրեն Սարգսյանը՝ ԱԳ նախարարի ԱՄՆ այցի մասին

«Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում չի բարձրացրել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա նաեւ նշել է. «Գլոբալ առումով, Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր: Փորձեմ հիմնավորել:

1. Հարաբերությունների հաստատման 30 ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:

2. Հաշվի առնելով 30 ամյա հաբելյանը, ամերիկցիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:

3. Դրա փոխարեն ստորագրվեց Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որը Հայաստանի կենսական շահերի հետ որևէ աղերս չունի՝ այն ամերիկյան օրակարգ է և ամերիկացիներն այդ փաստաթուղթը ստորագրում են տասնյակ զարգացող պետությունների հետ:

4. Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում:

5. Կոնգրեսի մասով: Դուք ուրիշ կոնգրեսականների կամ սենատորների անուններ չգիտե՞ք: ԱՄՆ-ում կան 100 սենատորներ և 435 կոնգրեսականներ: Նոր ընկերներ ձեռք բերելու ցանկություն չունե՞ք: Ինչու՞ եք անընդհատ նույն տասնյակի հետ շփվում:

6. Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք) որին մասնակցեցին ընդամենը 20 հոգի, այդ թվում դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին:

7. Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում: Մասնավորապես մեսիջներ, որոնք վերաբերել են կառավարության բարեփոխումներին ամերիկյան աջակցությանը: Այս նախադասությունը լսել են Հայաստանի անխտիր բոլոր կառավարությունները՝ սկսած Վազգեն Մանուկյանի կառավարությունից: Դրանից օգուտ քաղել է պետք, ոչ թե այն ներքաղաքական մեսիջի վերածել:

Հ.Գ. 1 Ակտիվ ճամփորդություն դեռևս չի նշանակում արդյունավետ դիվանագիտություն:

Հ.Գ. 2 Սխալ էր այդպիսի կարևոր առիթով ու այդ տեսակ խղճուկ օրակարգով Վաշինգտոն մեկնելն ու փամփուշտ սպառելը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ