27 04 2022

Փաշինյանի կառավարությունն օրենքի շրջանցմամբ Ապարանում խաղատուն է բացում. 168.am

Փաշինյանի կառավարությունն օրենքի շրջանցմամբ Ապարանում խաղատուն է բացում. 168.am

168.am-ը գրում է.

«Նախկինում, ընդդիմադիր եղած ժամանակ խաղատների դեմ բոցաշունչ ելույթներ ունեցող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ՀՀ կառավարության ապրիլի 22-ի 555Ա որոշմամբ հավանության է արժանացել օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու «Մայլեռ» ներդրումային ծրագրի շրջանակում խաղատան լիցենզիա տրամադրել «Մայլեռ մաունթայն ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը։

 Համապատասխան նախագիծը ներկայացված էր 15.02.2022-02.03.2022 միջակայքում իրավական ակտերի նախագծերի e-draft.am կայքում։

 «Մայլեռ» ներդրումային ծրագրով Ապարան համայնքի տարածքում՝ 2 070 հեկտարի վրա, կառուցվելու է լեռնադահուկային ու հանգստյան համալիր, որը ներառելու է նաև ճոպանուղի, սահուղիներ, երկու հյուրանոց։ Ընդհանուր առմամբ ծրագրով «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ը ներդնելու է 15 միլիարդ դրամ: Համենայնդեպս, այդպես էր նշված e-draft համակարգում, սակայն որոշման մեջ, որն Ազգային ժողովում է, արդեն գրված է՝ 30 մլրդ դրամ:

Ընկերության բաժնետերը Տիգրան Հարությունյանն է՝ ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին։ Վերջերս «Մայլեռ մաունթայն ռեզորթ»-ն ավստրիական «Doppelmayr» ընկերության հետ պայմանագիր կնքեց՝ ճոպանուղու ձեռքբերման վերաբերյալ։ Համալիրը ներառելու է նաև խաղատուն։

Ընդ որում, ինչպես նախագծի հիմնավորումներում է նշվում, ընկերության համար առանձին օրենսդրական ակտով կսահմանվի «առանձնահատուկ կարգավիճակ»՝ համապատասխան պետական տուրքի սահմանմամբ։

Հայաստանում շահումով խաղերի և խաղատների մասին օրենքը սահմանում է, որ խաղատան գործունեություն կարող է ծավալվել Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում ու Մեղրիում։ Բացառություն կարող է լինել, եթե կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագիրը գերազանցում է 40 միլիարդ դրամը։ «Մայլեռ մաունթային ռեզորթ»-ի դեպքում ծրագիրը չի հասնում 40 միլիարդի, իսկ ծրագրի համար ընտրված տարածքն Ապարանում է։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ ծրագրի չիրականացման դեպքում խաղատան լիցենզիան հետ է վերցվելու, իսկ ծրագրով խաղատան առկայությունը հնարավորություն կտա լրացուցիչ զբոսաշրջիկներ ներգրավել։

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ժամանակին բոցաշունչ ելույթներ էր ունենում խաղատնային բիզնեսի, հանքարդյունաբերության դեմ՝ խոստանալով իշխանության գալուց հետո սահմանափակել դրանց գործունեությունը, նոր աշխատատեղեր բացել: Ինչպես միշտ՝ այս դեպքում էլ ողջ երկիրը, երիտասարդությունը կքած է շահումով խաղերից, կազինոներից կրած վնասների, թմրանյութերի տակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ