19 04 2022

Փաշինյանը ՌԴ-ում է․ նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարարը

Փաշինյանը ՌԴ-ում է․ նրան դիմավորել է ՌԴ փոխարտգործնախարարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երկօրյա  պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: 

Մոսկվայի «Վնուկովո 2» օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը, հնչել են Հայաստանի եւ Ռուսաստանի պետական օրհներգերը: 

Օրվա երկրորդ կեսին տեղի է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: 

Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին:

Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպում կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ