13 04 2022

Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանն Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հիշեցրեց, որ մարտի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը Հայաստանին է փոխանցել Ադրբեջանի պատկերացումները խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքների վերաբերյալ:

«Այդ սկզբունքները հետևյալն են՝ փոխադարձաբար միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, քաղաքական անկախության ճանաչում և հարգում, միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության արձանագրում և դե յուրե պարտավորությունների արձանագրում ապագայում միմյանց նկատմամբ նման պահանջներ չառաջադրելու վերաբերյալ, միջպետական հարաբերություններում միմյանց անվտանգության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության համար, այդ թվում, ուժի կիրառման սպառնալիքներ չստեղծելու, ՄԱԿ-ի նպատակներին չհամապատասխանող գործողություններ չձեռնարկելու փոխադարձ պարտավորություն, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտային և այլ կոմունիկացիաների ապաշրջափակում, նոր կոմունիկացիաների ստեղծում և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցություն», - մանրամասնեց վարչապետը:

Նա ասաց, թե այս առաջարկությունները Հայաստանը օպերատիվ ձևով քննարկել է ու արձանագրել, որ դրանցում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, մանավանդ որ, դե յուրե, Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչել է դեռևս 1992 թվականին Անկախ Պետությունների Համագործակցություն ձևավորելու մասին համաձայնագիրը վավերացնելով ու այդ ճանաչումը այսօր էլ ՀՀ ներպետական օրենսդրության մաս է:


«Մենք արձանագրել ենք, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել և Ղարաբաղի հարցը ոչ թե տարածքի, այլ իրավունքի հարց է, հետևաբար, մենք արձանագրել ենք, որ Հայաստանի համար սկզբունքային նշանակություն ունեն Ղարաբաղի հայության անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների ապահովումը և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցումը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ