06 04 2022

Ընդդիմության երեկվա հանրահավաքը ՀՀ դիրքերը բրյուսելյան բանակցությունում թուլացրե՞ց, թե ուժեղացրեց. zham.am

Ընդդիմության երեկվա հանրահավաքը ՀՀ դիրքերը բրյուսելյան բանակցությունում թուլացրե՞ց, թե ուժեղացրեց. zham.am

zham.am-ը գրում է.

«Ինչպես հայտնի է, այսօր Բրյուսելում հանդիպելու են Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս հանդիպմանը այնքան մեծ է ուշադրությունը, որ նույնիսկ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն է կարևորել հատուկ հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ այդ հանդիպումից առաջ:

Հենց այդ հանդիպման առիթով էլ, նաև իր հանրահավաքն էր կազմակերպել  ընդդիմությունը: Իհարկե, ընդդիմությունն ուներ նաև այլ հեռահար ծրագրեր, բայց մեխը հենց Արցախի հարցն էր:

Այսինքն, ընդդիմությունը ժողովրդի անունից իշխանությանը յուրօրինակ պատգամ էր փոխանցում, որ Բրյուսելում հայկական կողմը կարողանա ավելի կոշտ դիրքերից հանդես գալ:

Այլ կերպ ասած, ընդդիմությունն իր վրա էր վերձրել պետության դերը և փորձում էր հայկական կողմի դիրքերը Բրյուսելում ուժեղացնել:

Կօգտվի՞ այդ քայլից Փաշինյանը, թե՝ ոչ, դժվար է ասել: Քաղաքագիտական տեսանկյունից ընդդիմության քայլը պետք է գնահատել որպես պատասխանատու պետական գիտակցված որոշում: Սակայն արի ու տես, որ իշխանության որոշ շրջանակներ ճիշտ հակառակ գնահատականն են տալիս: Օրինակ, ԱԺ իշխող խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Պապոյանը ընդդիմության հանրահավաքը գնահատել է, որպես «...հակահայկական և հակապետական քայլ...»:

Նման գնահատականը կարող է երկու տարբերակի մասին հուշել: Կամ Պապոյանը անգետ է և գնահատական է հնչեցնում ավանդական իշխանություն-ընդդիմություն հակամարտության տրամաբանության մեջ: Ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ տգետ զանգվածներով է համալրված իշխող թիմը, որ նույնիսկ տարրական քաղաքագիտական գիտելիքների պակաս ունի: Կամ էլ Պապոյանի գնահատականը՝ դա  Փաշինյանի թիմի գնահատականն է, իսկ դա կարող է նշանակել, որ իրոք հայաստանյան ընդդիմությունը խանգարում է Փաշինյանին արդեն պաշտոնապես ձեռքերը լվանալ Արցախից արդեն բրյուսելյան հարթակում, ինչը էական ազդեցություն կարող է թողնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական խաղացողների դիրքորոշումների վրա արցախյան խնդրի հետ կապված:

Հիշեցնենք, որ մինչ այսօր, Մինսկի խմբի «եռյակը» համարում է, որ Արցախի հարցը դեռ լուծված չէ և ավելին, նախկին փաստաթղթերի համաձայն, կողմ է, որ այդ հարցը լուծվի ինքնորոշման հիման վրա: Ճիշտ է, պատերազմը էապես ազդել է այդ իրերի իրավիճակի վրա, բայց դիվանագիտական հարթակում նախկին բոլոր պայմանավորվածությունները դեռ մնացել են թղթի վրա:

Եթե Փաշինյանը այս հարթակում էլ գնա զիջման ադրբեջանական կողմին, ապա դրա արդյունքում  դիվանագիտական հարթակում Արցախի հարցը կարող է փոփոխվել ի վնաս մեզ: Ինչին փորձում է հասնել Ադրբեջանը:

Ընդդիմության երեկվա հանրահավաքը իր փոքր լուման դրեց, որ նման զարգացումներ չընթանան: Մնում է հասկանալ, թե ո՞րն է Փաշինյանի և նրա թիմի իրական մտադրությունները Արցախի հարցում:

Ի դեպ Փաշինյանի իրական մտադրությունների մասին ուզում են իմանալ նաև ադրբեջանցիները, որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ քայլերի է դիմելու այս հարցում պաշտոնական Երևանը:

Սա է իրականությունը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ