«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5–ին, ժամը 18։30–ին Ազատության հրապարակում հանրահավաք են հրավիրել՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» խորագրով։ Դժվար չէ կռահել, որ հանրահավաքի հիմնական թեման լինելու է անվտանգությունը, Արցախում տիրող իրավիճակը, Հայաստանի շուրջ մտահոգիչ զարգացումները։ Այս մասին գրում է 7or.am-ը:
Ընդդիմությունը դուրս է եկել հանրահավաքային պայքարի՝ ակնկալելով հանրային աջակցություն ու համատեղ պայքարի պատրաստակամություն։ Ու որպեսզի երկխոսությունը ստացվի, ամեն մեկն իր ճիշտ ֆունկցիան պետք է կատարի։
Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ասելու, գնահատելու, վերլուծելու բան չկա, ամեն ինչ պարզ է բոլորին, բայց դա միայն առաջին հայացքից։
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ մենք կանգնած ենք պատերազմի նախաշեմին և Ադրբեջանը պատրաստվում է լայնմամասշտաբ պատերազմի, արժանի է հստակ գնահատականի։
Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն ուռճացնում է պատերազմի վտանգը։ Սա պետք է հստակ ֆիքսել ու բացատրել, թե ինչո՞ւ է ուռճացնում։ Դա էլ իր պատասխանն ունի։ Ուռճացնում է, որպեսզի «հիմնավորի» և «արդարացնի» իր զիջումները՝ «Կյանքեր եմ փրկել ու խաղաղություն եմ բերել» դեմագոգիկ ձևակերպումներով։
Նիկոլն ուզում է վախեցնել հանրությանը, քանզի ինքն է վախեցած։ Վախենում է Ալիևից, Էրդողանից, Պուտինից, հայ ժողովրդից, բոլորից։ Ինքը վախեցած է և ուզում է վախեցնել բոլորին, որպեսզի ինչ ուզի անի։
Ահա նիկոլական այս բոլոր մոտիվացիաները պետք է ընդդիմությունը բացատրի հանրությանը և ներկայացնի իրական խաղաղության սեփական օրակարգը, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգի կարմիր գծերը։
–Հայաստանին անհրաժեշտ է նոր բանակցող. վախեցած ու պարտված Նիկոլ Փաշինյանը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել, նա բերելու է նոր պատերազմ ու է՛լ ավելի խայտառակ պարտություն,
–Արցախը երբևէ ու որևէ կարգավիճակով չպետք է լինի Ադրբեջանի կազմում. սա կարմիր գիծ է,
–ՀՀ–ն պետականորեն պետք է վարի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականություն. սա ևս սակարկելի չէ,
–հայ–թուրքական հարաբերությունները չպետք է շաղկապվեն հայ–ադրբեջանական հարաբերությունների հետ. հայ–թուրքական սահմանի բացման գինը չպետք է լինի Արցախի ու ՀՀ տարածքային ամբողջականության խաթարման հաշվին,
–Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումը պետք է լինի ՀՀ օրակարգում,
–հայ–ադրբեջանական սահմանազատումն ու սահմանագծումը պետք է տարանջատել Արցախի կարգավիճակի հարցից,
–հայ ռազմագերիների վերադարձը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է,
–ՀՀ տարածքից ադրբեջանական զորքի դուրս բերումն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է։
Ահա այն հիմնական սկզբունքները որոնք որպես այլընտրանք պետք է ներկայացվեն հանրությանն ու բացատրվեն, որ սրանք արժանապատիվ խաղաղության ապահովման կարևոր բաղադրիչներ են։
Ընդդիմությունը պետք է փակի բոլոր այն դեմագոգների բերանները, որոնք փորձում են նիկոլական զիջումների այլընտրանքը պատերազմը ներկայացնել։ Իրականում պատերազմ ու նվաստացուցիչ պարտություն բերել է ու բերում է Նիկոլը. սա պետք է հստակ ամրագրել։
Ի՞նչ ակնկալել հանրությունից
Ընդդիմությունից հանրային դժգոհությունն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքեր։ Սուբյեկտիվը մուտիլովչիկների արածն է, որը հետաքրքրություն չի ներկայացնում։ Այդ մուտիլովչիկները քաղաքական պարազիտներ ու լատենտ նիկոլականներ են՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք գիտակցո՞մ են իրենք դա, թե՞ ոչ։
Ուշադրության է արժանի հանրության օբյեկտիվ դժգոհությունը։ Դրանց թվին են պատկանում ընդդիմության կողմից կազմակերպչա–կառուցվածքային աշխատանքների բացակայությունը, հետևողականության բացակայությունը, որոշ դեպքերում խոսքի ու գործի հակասությունը, չիրականացված խոստումները, պրոակտիվ վարքագիծը, որոշ դեպքերում անհասկանալի ու անընդունելի պահվածքն ԱԺ–ում, անհասկանալի ու անընդունելի դիրքորոշումներն այս կամ այն հարցի վերաբերյալ և այլն։
Սրան ի պատասխան ընդդիմությունը կարող է ներկայացնել իր արդարացումները, տալ բացատրությունները, այս կամ այն քայլի հիմնավորումները, որոնց մի մասն օբյեկտիվ է, իսկ մյուսը՝ սուբյեկտիվ։ Սակայն այս ամենը մի կողմ դնելով՝ պետք է անցնել գործի։
Ճշմարտության չափանիշը պրակտիկան է։ Եթե ընդդիմությունը հաջողի, ապա ինքը կլինի ճիշտ, իսկ եթե չկորաղանա հանրության հետ շփվելու և քաղաքական հարցերը լուծելու արդյունավետ բանաձևը գտնել, կդառնա սխալ։ Բոլորի թիրախը պետք է լինի թուրք–ադրբեջանական օրակարգը սպասարկող նիկոլական խմբակի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը։
Ինչ մնում է ՀՀ քաղաքացիներին, ապա պետք է լինել ակտիվ, դուրս գալ Նիկոլի տարածած վախերից և ստիպել ընդդիմությանը լինել հաշվետու և գործունակ։ Դրա կարևոր նախապայմանը սեփական մասնակցությունն է՝ լինի դա սոցցանցերում, այլ հարթակներում կամ հանրահավաքում։ Հանրահավաքի մասնակցությունը, եթե այլ օբյեկտիվ խանգարող հանգամանք չկա, պարտադիր է յուրաքանչյուրի համար։
Ապրիլի 5–ը նաև քաղաքական «ջերմաչափման» օր է լինելու։ Հետագա քայլերը նաև «ջերմաչափի» ցուցիչից է կախված։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի քաղաքական ջերմաչափը լինի անհրաժեշտ մակարդակի վրա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը