02 04 2022

Թագուհի Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

Թագուհի Թովմասյանը ներկայացրել է ԵՄ դեսպանի պատասխան գրությունը

ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը Արցախյան հակամարտության լուծման ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Արցախից վերադառնալուց հետո մեր իրականացրած փաստահավաք աշխատանքների հետքերով դիմել էի ՀՀ-ում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի և ԵՄ դեսպաններին։ Դեսպանների ուշադրությունն էի հրավիրել Արցախի Փառուխ համայնք Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ներխուժման վրա, տեղեկացրել, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների արդյունքում ունենք զոհեր և վիրավորներ։

Ի թիվս այլ հրատապ խնդիրների՝ ներկայացրել էի, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է Փառուխի բնակիչների կյանքի իրավունքը, խաղաղ բնակչությունը զրկվել է իր հայրենի բնակավայրում խաղաղ և անվտանգ կյանք վարելու իրավունքից։

Դեսպաններին խնդրել էի հանրային գնահատականներ հնչեցնել և դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները և ձեռնարկել միջոցներ Արցախում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունն ու էթնիկ զտումները կանխելու նպատակով։

ԵՄ դեսպանի անունից ստացել եմ պատասխան, համաձայն որի լուրջ մտահոգությամբ հետևում են իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ։ Հավաստիացնում են, որ լարված իրավիճակն իսկապես քննարկման առարկա է դառնում ԵՄ հատուկ ներկայացուցիչների, նույնիսկ ԵԽ նախագահի հանդիպումներում, Բաքվում և Երևանում իշխանությունների հետ զրույցներում։

Ինչպես նշել են պատասխան գրության մեջ, ԵՄ-ն աջակցում է և պատրաստ է լրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը բանակցությունների արդյունքում համընդգրկուն և կայուն լուծումներ գտնելու ուղղությամբ, սակայն, ցավոք, իրավիճակը ո՛չ աշխարհում, ո՛չ էլ տարածաշրջանում բարենպաստ չէ բանակցությունների համար»,- գրել է Թովմասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ