Պետք էր կույր լինել՝ չտեսնելու համար այն ռիսկը, որ Ադրբեջանը կօգտվի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից եւ Արցախում նոր սպանություններ ու տառապանքներ կիրականացնի։ Այս ռիսկը նյութական է դառնում: Այս մասին Twitter-ում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Դիվանագետն իր գրառման մեջ խոսել է նաև Արցախում վերջին օրերի իրադարձություններից։
«Երեկ և այսօր զգալի էսկալացիա է եղել Լեռնային Ղարաբաղի արևելքում. Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը՝ կիրառելով հրազեն և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար». 3 զոհ և 14 վիրավոր Արցախում»,- գրել է նա։
Իր միկրոբլոգում ԱԳ նախկին նախարարը նաև խոսել է գազի բացակայության պատճառով ստեղծված հումանիտար վիճակի մասին։
«Ավելի քան երկու շաբաթ Արցախը առանց գազի է ցրտաշունչ եղանակին։ Պայմանները մոտ են հումանիտար աղետին։ Ադրբեջանը միտումնավոր հետաձգում է Արցախը սնուցող՝ իր վերահսկողության տակ գտնվող գազատարի վերանորոգումը։ Աշխարհը աներևեկայելի կույր է։ Սրանում ոչ մի նոր բան չկա»,- գրել է նա։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ այս վերջին իրադարձությունները վկայում են Արցախի ժողովրդի համար գոյաբանական վտանգի մասին։
«Նրանց պայքարը միշտ եղել է իրենց հողում գոյատևման և անվտանգության համար: Արցախը Ադրբեջանի իրավազորության ներքո կնաշանակի Լեռնային Ղարաբաղ առանց հայերի։ Բաքուն երբեք չի թաքցրել իր այդ նպատակը»։ «Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի գրասենյակը Ադրբեջանում և Վլադանկա Անդրեևան իրեն հյուրընկալածների հետ խնջույք է անում Շուշիում, երբ բլուրից մի քանի կիլոմետր ներքև Ստեփանակերտի հայերը ծանր վիճակում են։ Պատգամը տպավորիչ է՝ ՄԱԿ-ի աշխատակիցները տոնում են մարդասիրական ահաբեկչությունը և էթնիկ զտումները: Սրտխառնիչ է»,-գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը