22 03 2022

Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու․ պատգամավորը մեջբերում արեց



Մարտի 10-ին Եվրամիության խորհրդարանը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» հայտնի բանաձևը:  Ցավոք, այդ օրերին հայկական քաղաքական դիսկուրսում աղն ու աղաման ավելի շատ շրջանառվեցին, քան Եվրոպական այս կարևորագույն կառույցի կողմից ընդունված բանաձևը, որն իրականություն դարձավ նաև Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Բանաձևը մասնավորապես հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության հետքերի վերացումը  իրականացվում է ոչ միայն այն ոչնչացնելու, այլևպատմության կեղծման և վերջիններիս «ալբանացման»  նպատակով: Բազմաթիվ հաստատումների կողքին ներկայացնեմ, իմ կարծիքով հատկապես երկու կարևորագույնները՝

- Բանաձևի երկրորդ կետով մասնավորապես արձանագրվեց Armenophobia/Արմենոֆոբիա եզրույթը և ամրագրվեց, որ Ադրբեջանական իշխանությունների կողմից խրախուսվում են և համակարգային բնույթ են կրում հայկական  մշակութային ժառանգության ոչնչացումը, հայատյացությունը,հակահումանիզմը,Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջները:

- Տասներորդ կետով Եվրոպական պառլամենտը նույնքան կարևոր հաստատում արեց՝ կոչ անելով Ադրբեջանին զսպել Հայաստանի նկատմամբ իր մաքսիմալիստական՝ տարածքային և ռազմական նկրտումները, և ներգրավվել և աջակցել ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցման աշխատանքներին:

Թվում էր, թե մեր իշխանությունները պետք է անխուսափելիորեն կապիտալիզացնեին Եվրոպական հանրույթի այս աննախադեպ ամրագրումները, բայց՝ ոչ: Ճիշտ այդ օրերին քպ-ական որոշ պատգամավորներ հանդես են գալիս Հայաստան-Արցախ, իմ կարծիքով հակապետական, և դավաճանական հռետորաբանությամբ, ոմանք էլ կասկածի տակ են դնում մեր պատմական և քաղաքական իրավունքները: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից մարտի 10-ին հանրայնացված հինգ կետերից հետո ԱԳՆ-ն դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Ավելին՝ նախարարը բառի խորը գիտակցությամբ հայտարարում է, որ ադրբեջանական առաջարկներում Հայաստանի համար մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա»,- ասաց Գալստյանը։

Պատգամավորի խոսքով հինգ կետանոց առաջարկներն բխում են սոսկ Ադրբեջանի շահերից՝ առանցքում ունենալով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Հիշեցնեմ նաև, որ ճիշտ սրան զուգահեռ թե Հայաստանի, թե Արցախի սահմանին շարունակվում է ռազմական ինտերվենցիան, Արցախում հումանիտար աղետը, սահմանին՝ զոհերը: Իսկ մեր պաշտոնական դիսկուրսում ոչ մի խոսք թուրք ադրբեջանական ռազմական հանցագործությունների կամ դրանց ապացուցողական բազայի մասին։ Հիշեցնեմ՝ միջազգային իրավունքի ուժի մասին Վիենայի 1964թ․ կոնվենցիան հստակ սահմանում է՝ չի կարելի ռազմական ինտերվենցիայի սպառնալիքի ներքո պետությանը պարտադրել որևի փաստաթղթի ստորագրում: Մուրալով խաղաղություն՝ առանց թուրք-ադրբեջանական ագրեսիային գնահատական տալու, առանց նրանց միջազգային պատասխանատվության, առանց քաղաքական և միջազգային գնահատականի, առանց Արցախի ժողովրդի իննորոշման իրավունքի իրացման, նշանակում է լեգիտիմացնել թուրք-ադրբեջանական ցեղասպանական նկրտումները: «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու» Գոլդա Մեյեր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ