22 08 2021

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը․ ՊՆ

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը․ ՊՆ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն իր խոսքում նշել է. «Վստահ եմ, որ մրցելիս թիմերը կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստվածության բարձր աստիճան: Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց երկրների զինված ուժերը ներկայացնելու պատիվը: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»:

Գեներալ-լեյտենանտ Դավթյանը հավելել է, որ միջազգային բանակային խաղերը բացառապես խաղաղ բնույթ ունեն, այստեղ տեղ չկա քաղաքականությանն ու հակասություններին, իսկ միմյանց հետ մրցելու լավագույն վայրը մարզական միջոցառումներն են:

Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է երգի ու պարի համույթների ելույթով:

«Խաղաղության մարտիկ-2021» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունների և Քաթարի Պետության զինված ուժերի ներկայացուցիչները:

Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Չորրորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ