Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։
ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության ընթացքը, Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ռուս գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի տարածք ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներթափանցման մանրամասները և ՀՀ զինված ուժերի կողմից ձեռնարկվող գործողությունները։
Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ «սահմանի ճշգրտման» կեղծ հիմնավորմամբ իրականացված ադրբեջանական սադրանքները բացարձակապես անընդունելի են, և ադրբեջանական ստորաբաժանումները պետք է անհապաղ լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
Կողմերը դիտարկել են իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները և պայմանավորվածություն ձեռք բերել անհրաժեշտ քայլերի վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը